«Ես որոշել եմ առաջիկա օրերին ժամանակավորապես ուժեղացնել Ֆրանսիայի ռազմական ներկայությունն Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում՝ եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Հունաստանի հետ համագործակցությամբ»:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հատկանշական է, որ Ֆրանսիայի առաջնորդը հունարեն գրառում է կատարել՝ դրանով իսկ միանշանակ աջակցություն հայտնելով Հունաստանին։
Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները վերջին օրերին կրկին սրվել են։ ԵՄ անդամ երկրների, Կիպրոսի, Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածության օջախը Արևելյան Միջերկրածովյան ափն է: Անկարան պնդում է, որ թուրք-կիպրական և հույն-կիպրական հանքավայրերը համատեղ շահագործվեն։ Էներգակիրների բաժանման մասին վեճերում ներգրավված են նաև Եգիպտոսն ու Իսրայելը։
Հակասություններ են առաջացել 1974 թվականին, երբ Կիպրոսում տեղի է ունեցել պետական հեղաշրջում՝ Հունաստանի կողմից կղզու անեքսիայի նպատակով։ Այն ժամանակ Թուրքիան զորք մտցրեց հյուսիսային Կիպրոս և զբաղված տարածքում հռչակեց Կիպրա-թուրքական դաշնային պետություն, որն այնուհետ ստացավ Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (հյուսիսային կիպրոսի թուրքական հանրապետությունը) անվանում։ Կղզու մնացած մասը գտնվում է Կիպրոսի Հանրապետության կառավարության վերահսկողության տակ։