«Ես այդքան էլ լավատես չեմ մարզպետարանի կամ որևէ պետական մարմնի վերահսկողական մեխանիզմի արդյունավետության վերաբերյալ»: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, տեղի ունեցած կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Փոխարենը մտածում եմ, որ շատ ավելի արդյունավետ կլինի, եթե քաղաքացիներն իրենք վերահսկեն պրոցեսը, գնահատեն քաղաքապետի, խոշորացված համայնքի ղեկավարի գործունեությունը»,- ասաց Փաշինյանը։
«Այն, որ ամբողջ երկրում համատարած ավերակ է, եկեք խոստովանենք: Այսքան որ գլուխ ենք գովում՝ սուբվենցիա արեցինք, սա արեցինք, նա արեցինք, գլուխ ենք գովում, որ հիմա մի մարզում այնքան ճանապարհ ենք վերանորոգում, որքան նախկինում ամբողջ հանրապետությունում տեղի էր ունենում 1 տարվա ընթացքում, բայց իրականում դեռ էնքան պետք է կառուցենք»,- ասաց վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ համայնքներում ավերակ վիճակը կապված է մի պարզ բանի հետ՝ ընտրության և ընտրություն կատարելու որակի ու չափանիշների հետ, այսինքն՝ ամեն մարդ այսօրվա իր բակի, փողոցի վիճակի հետ կապը պետք է տեսնի նախորդ ընտրություններում, դրա նախորդ ընտրություններում իր քվեարկության հետ, որովհետև դա եղել է իր քաղաքական ներդրումը, ու դրա արդյունքը ստացվել է։
«Որքան մեծացվի քաղաքացու անհատական պատասխանատվության ինստիտուտը, այնքան ուժեղ կլինի պետությունը բոլոր առումներով»,- ասաց վարչապետը։