- Օրերս միջադեպ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Արա Դորվանյանի և Նիկոլ Փաշինյանի թիկնազորի միջև։ ՔՊ նախկին անդամը, տեսնելով վարչապետի ավտոշարասյունը, «Իմ քայլի» նախընտրական բուկլետներ է նետել վարչապետի շարասյան վրա և հայհոյել։ Միջադեպից հետո Դորվանյանին տարել են ոստիկանություն։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Արա Դորվանյանը հաստատել է տեղեկությունը՝ ասելով, որ դա իր քաղաքացիական ակցիան է եղել։
Արա Դորվանյանը թերթի հետ զրույցում հայտնել է, որ կուսակցությունից դուրս է եկել իր դիմումի համաձայն, մոտ 15 օր առաջ դիմում է գրել։
- «Հրապարակ» թերթը գրում է, որ օգոստոսի 26-ը ՍԴ կազմը ձևավորելու վերջնաժամկետն է։ Կառավարության առաջադրած Վահրամ Ավետիսյանը ստիպված եղավ ինքնաբացարկ հայտնել, ում փոխարեն կառավարությունը, որոշ տեղեկություններով, կառաջադրի Էդգար Շաթիրյանի թեկնածությունը։
- «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ նախադպրոցական հաստատությունների շատ ղեկավարներ ժողով են հրավիրել՝ հասկանալու համար, թե ինչպես են կազմակերպելու մանկապարտեզների աշխատանքները: Բանն այն է, որ ինչպես դպրոցների, այնպես էլ նախադպրոցական հաստատությունների պարագայում հրահանգ է առկա, որ տարիքով ավագ դաստիարակներն ու դայակները պետք է տանը մնան՝ կորոնավիրուսով չվարակվելու համար, քանի որ գտնվում են ռիսկային գոտում և այս իրավիճակում ղեկավարությունը ցանկացել է հասկանալ՝ քանի դաստիարակ է այդ տարիքի, ինչ ռիսկեր կան, եթե այդպես որոշվի կազմակերպել աշխատանքները:
Թերթի տեղեկություններով` արդեն դաստիարակներին զգուշացվել է, որ առավելագույնը 12 հոգանոց խմբերում առաջնահերթ պետք է ընդգրկված լինեն այն երեխաները, որոնց երկու ծնողներն էլ աշխատում են:
Այսինքն` մեկ ծնողի աշխատելու և խմբի ծանրաբեռնվածության պարագայում շատ երեխաներ կարող են դուրս մնալ: Եվ այս հանգամանքն արդեն հարուցել է նաև շատ ծնողների դժգոհությունը: Ամեն դեպքում դաստիարակները պետք է առաջիկայում ցուցակ ներկայացնեն, թե երկու ծնողի աշխատելու պահանջի պարագայում առավելագույնը քանի հոգանոց խմբեր հնարավոր կլինի ձևավորել:
- Սեպտեմբերի 14-ին ԱԺ-ն սկսելու է հերթական նստաշրջանը, որը խոստանում է թեժ լինել․ «Հրապարակ» թերթը գրում է, որ գարնանային նստաշրջանի ժամանակ կիսատ մնացած, չքննարկված աղմկոտ նախագծեր կան, որոնք կտեղափոխվեն աշնանայինի օրակարգ։
Բացի այդ, ըստ տեղեկությունների, օրակարգ է բերվելու նաև Ստամբուլյան աղմկահարույց կոնվենցիան։ «Իմ քայլը» սեպտեմբերին պատրաստվում է նաև անվստահություն հայտնել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին և հասնել հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից նրա հեռացմանը։
- «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր տեղի կունենան Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հերթական քննարկումները, որոնք այս անգամ նվիրված կլինեն ընտրական վարչարարություն, դիտորդներ, ԶԼՄ-ներ, վստահված անձինք, այցելուներ թեմային:
Սա արդեն թվով չորրորդ հանրային քննարկումն է: Քննարկումները նախաձեռնել է ընտրական բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբը, սակայն թեմատիկ մի քանի հատվածներ տարբեր կազմակերպությունների միջոցով են մշակվում: Օգոստոսի 18-ի քննարկումն առնչվում էր ընտրական ցուցակներին։
Ընտրական ցուցակների առնչությամբ ներկաները փաստել էին, որ տարիներ շարունակ մտահոգություններ են հնչել, որ ընտրական ցուցակները բավականին ուռճացված են: Եվ, ահա, մենք տեղեկացանք, որ առաջարկվում է օրենքով ամրագրել, որ ընտրական ցուցակներն ունենան որոնման հնարավորություն: Բանն այն է, որ այժմ էլ հնարավոր է ընտրական ցուցակներում որոնում կատարել, սակայն տեսականորեն հնարավոր է, որ ոստիկանությունն այնպիսի ձևաչափով ընտրական ցուցակները հրապարակի, որ հնարավոր չլինի որոնում կատարել:
Տեղեկացանք, որ առաջարկվում է նաև փոստային ծառայության ծանուցումը փոխարինել այլ ձևերով, օրինակ` հեռախոսային հաղորդագրություններով: Առցանց քննարկումները կավարտվեն օգոստոսի 25-ին, և վերջին քննարկումը նվիրված կլինի ԱԺ կանոնակարգին: Դրանից հետո կամբողջացվեն հանրային քննարկման արդյունքները, և նախագիծը կներկայացվի հանրային քննարկման:
- Դատական համակարգի «Հրապարակ» թերթի աղբյուրներն ասում են, որ դանդաղ ու հետևողական քայլերով շարժվում ենք դեպի «զանգովի արդարադատություն», մինչդեռ 2 տարի առաջ հույս կար, որ հեղափոխությունից հետո դրանից ազատվելու ենք։
Դարձյալ սկսել են դատավորներին հրահանգավորել, ուղիղ տեքստով ասվում է, թե ինչպես լուծեն վեճերը, ինչ դատավճիռներ կայացնեն։ Ընդ որում, ասում է, որ դա արվում է, որպես կանոն, վարչապետին վկայակոչելով, և իրենք՝ նախկինի նման, հնարավորություն չունեն պարզելու, թե որ հրահանգն է իսկապես վարչապետը տալիս, որը՝ ուղղակի նրա անունն օգտագործելով։
Այս առումով երկու բուրգ է սկսել գոյանալ․ մեկը Արդարադատության նախարարության բուրգն է՝ նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ, մյուսն Աննա Վարդապետյանն է համակարգում՝ վարչապետի խորհրդականը։
Այս երկու բուրգը, որի ղեկավարները՝ Աննա Վարդապետյանն ու Ռուստամ Բադասյանը, շատ լարված հարաբերություններ ունեն, խանդի տեսարաններ են միմյանց նկատմամբ սարքում, և ազդեցության գոտիների բաշխման շուրջ կատաղի պայքար է գնում։ Իսկ ԲԴԽ-ն չի միջամտում այս գործընթացներին և դատավորներին պաշտպանելու փորձեր չի անում: