«Հրապարակ» օրաթերթ
- Թերթի տեղեկությամբ՝ աշխատանքից ազատվել է վարչապետի թիկնապահ, լեյտենանտ Ղազար Ղազարյանը՝ հայտնի «ռյուկզակ բռնողը»։ Հիշեցնենք, որ նա ապրիլյան քայլերթերի ժամանակ և դրանից հետո էլ տևական ժամանակ կրում էր վարչապետի ուսապարկը, որի մասին լեգենդներ էին պտտվում։ Գեղարքունիքի մարզ կատարած վերջին այցերի ժամանակ արդեն Ղազարը Փաշինյանի հետ չէր, նախկինում նա բոլոր կադրերում երևում էր Փաշինյանի թիկունքում։
- Թերթի տեղեկությամբ՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը կարգադրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանին՝ ազատել գրեթե բոլոր մասնաճյուղերի տնօրեններին։ Մասնաճյուղերը 18-ն են։ Նախարարն ասել է, որ նոր թեկնածուներին անձամբ է ընտրելու։ «Անտառտնտեսություններում լուրեր են տարածվել, որ «Քաղպայմանագրի» անդամները, նրանց համակիրները, ազգականներն ու ընկերներն աշխատանք են պահանջում, և իշխանությունը որոշել է ապահովել»,-գրում է թերթը։
- Թերթը գրում է, որ Սահմանադրական դատարանում իշխանության ջանքերով իսկապես «ճգնաժամ» է ստեղծվել։ Այս պահին դատարանի կազմում 6 դատավոր կա, և դա բավարար է նիստեր հրավիրելու համար, սակայն դատավորների միջև այնպիսի անհամաձայնություններ են առաջացել, որ անգամ աշխատակարգային նիստեր չեն անցկացվում։ Ըստ թերթի՝ դատարանի կազմը 3 թևի է բաժանվել, և նրանք նորմալ չեն հարաբերվում միմյանց հետ։ «Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը նիստերին չեն մասնակցում, չնայած հետ են կանչվել արձակուրդից։ Փաստացի աշխատանքի հաճախող 4 դատավորներն էլ հաշտ չեն․ ՍԴ-ում իր իշխանությունը հաստատել ցանկացող Վահե Գրիգորյանն իր կողմն է թեքել Արման Դիլանյանին․ սա իշխանամետներն են։ Երրորդ թևում հնաբնակներն են՝ ՍԴ նախագահի պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանն ու Հրանտ Նազարյանը, որոնց հարաբերությունները Վահե Գրիգորյան-Արման Դիլանյան զույգի հետ լարված են։ Այս մթնոլորտում անհնար է դարձել ՍԴ ողջ կազմով հարցերի քննարկումն ու որոշումների կայացումը, իսկ դատարանում տասնյակ դիմումներ են կուտակվել։ Եթե Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը շարունակեն չմասնակցել նիստերին, ապա դիմումներն ընթացք կստանան միայն աշնանը, երբ ՍԴ թափուր տեղերը կհամալրվեն»,-գրում է թերթը։
«Ժողովուրդ» օրաթերթ.
- Թերթը հայտնում է, որ այս տարվա հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.939 մլրդ ԱՄՆ դոլար։ Օրաթերթը տեղեկացել է, որ մեկ ամսում պետական պարտքն աճել է մոտ 221 մլն դոլարով կամ 2.8%-ով։ Իսկ, ահա, տարեսկզբի համեմատ՝ պետական պարտքն ավելացել է 618 մլն դոլարով կամ 8.4%-ով։ ՀՀ կառավարության պարտքը՝ դոլարային արտահայտությամբ, կազմել է 7,460.94 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 9.16%-ով, իսկ 2019 և 2018թթ․ հուլիսի 31-ի նկատմամբ աճելով համապատասխանաբար 15.47%-ով և 20.69%-ով: ՀՀ կառավարության արտաքին պարտքը՝ դոլարային արտահայտությամբ, կազմել է 5,576.65 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2019 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 5.26%-ով, իսկ 2019 և 2018թթ․ հուլիսի 31-ի նկատմամբ աճելով համապատասխանաբար 13.47%-ով և 14.4%-ով: Թերթը հիշեցնում է, որ 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.324 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ՝ պետական պարտքի ծավալն աճել է մոտ 402 մլն դոլարով կամ 5.8%-ով»:
- Օրաթերթի տեղեկություններով՝ կրթության չափորոշիչների թեման շարունակում է իշխանության ներսում թեժ քննարկման առիթ հանդիսանալ: Թերթի տեղեկություններով՝ կրթության ոլորտի մասնագետները ներքին քննարկումների, բանավեճերի մեջ են: Սակայն հետաքրքիր է, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները՝ նախագահ Մխիթար Հայրապետյանի և Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, շարունակում են ձեռնպահ մնալ մտքեր արտահայտելուց, հարցազրույցներ տալուց, սակայն դեմ են արտահայտվում ներքին քննարկումների ժամանակ: Կրթության ոլորտի ներկայացուցիչները կարծիք են հայտնում, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք է ի վերջո վերանայի այդ չափորոշիչներից շատերը՝ հաշվի առնելով առկա անհանդուրժողականությունն ու քննադատությունը, և հիմա շատերն են սպասում՝ հասկանալու համար, թե ինչ տեսք կունենան նոր դասագրքերը և դպրոցում մատուցվող ուսումնական ծրագիրը: «Ընդ որում, կրթության ոլորտի ներկայացուցիչները նախարարության առջև պահանջ են դրել փոփոխություններ կատարելու առումով, քանի որ վստահ են՝ հետագայում խնդիրներ կլինեն»,-գրել է թերթը։
- «Ժողովուրդ» օրաթերթին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների առաջադրման գործընթացից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Թերթը հայտնում է, որ այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ է հանդիպելու Էդգար Շաթիրյանը, որը լինելու է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն՝ կառավարության առաջարկով: Ըստ թերթի՝ կառավարությունը մինչ Վահրամ Ավետիսյանին այդ պաշտոնում առաջարկելը դիտարկել է հենց Էդգար Շաթիրյանի թեկնածությունը՝ ցանկանալով հենց նրան էլ ի սկզբանե առաջադրել այդ պաշտոնում, սակայն վերջինիս խանգարել է տարիքը, քանի որ միայն օգոստոսի 18-ին նա դարձավ 40 տարեկան, որը, «ՀՀ Սահմանադրական դատարանի մասին» օրենքի չորրորդ հոդվածի համաձայն, պարտադիր պայման է Սահմանադրական դատարանի դատավոր լինելու համար: Եվ, ահա, միայն հիմա, երբ Վահրամ Ավետիսյանը դուրս եկավ պայքարից, և Շաթիրյանն էլ դարձավ 40 տարեկան, հնարավոր եղավ նրան առաջադրել այդ պաշտոնում: Թերթի փոխանցմամբ՝ նա այդ առաջարկը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից և անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի ունեցել»: