Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան բախման նման միջադեպեր առաջիկայում չեն կրկնվի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է առաջնորդվել այն որոշումներով, որոնք ընդունվել են միջազգային հանրության կողմից։ ԵԱՀԿ շրջանակներում լուրջ բանակցային բազա է մշակվել, – ասել է նա՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների արդյունքում։ – Իհարկե, ավելի ինտենսիվ բանակցությունները չէին խանգարի, բայց առաջին հերթին այդ պլանները կյանքի կոչելու համար պետք է կարգավորել ընդհանուր իրավիճակը՝ ներառյալ որևէ միջադեպերի դադարեցումը: Լիահույս ենք, որ այն, ինչ տեղի ունեցավ հուլիսին, այլևս չի կրկնվի»։
Լավրովը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են այցելել Բաքու և Երևան, ինչպես նաև՝ միջնորդ հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների շփման համար:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել:
Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Տավուշի մարզում հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասվել է 50 շինություն, որոնցից 12-ն արդեն վերականգնվում են։
ՀՀ կառավարությունը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին հասցված վնասների վերացման, ինչպես նաև հանրային դպրոցների անվտանգության բարձրացման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար հատկացրել է 302 մլն 618,7 հազար դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողների ներկայացրել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրման, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին ներկայացրել է Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով պարգևատրման։