«Նույնիսկ չեմ հիշում՝ վարչապետի հետ երբ եմ հանդիպել. դա այնքան վաղ է եղել»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, Ազգային ժողովում «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Անկեղծ՝ չեմ հիշում, թե վարչապետի հետ վերջին շրջանում տետատետ երբ ենք հանդիպում ունեցել: Վերջին անգամ կառավարության նիստին եմ եղել, որի ժամանակ կոնկրետ բան չի քննարկվել», – ասաց նա:
Անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին՝ Թորոսյանը նշեց, որ նման խոսակցություններ վերջին երկու տարին անընդհատ լսում է:
«Միգուցե դա ոմանց դրդմամբ է, միգուցե՝ քաղաքական շահարկումների», – ասաց նախարարը։
Հարցին, թե ինչ-որ կոշտ խոսակցություն ունեցե՞լ է ՀՀ վարչապետի հետ և, ընդհանրապես, կորոնավիրուսի վարակի շրջանակում իր աշխատանքը ինչպե՞ս է գնահատում ՀՀ վարչապետը, Թորոսյանը պատասխանեց, որ աշխատանքի գնահատականը լինում է սկսած հրապարակային նիստերից, վերջացրած առանձնազրույցներով, սակայն չի հիշում վերջին շրջանում, թե վարչապետի հետ երբ է հանդիպել:
«Ասել եմ ու էլի եմ ասելու, որ կորոնավիրուսի դեմ պայքարը Առողջապահության նախարարության գործը չի միայն, այլ ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետության: Բոլոր գերատեսչությունները իրենց մասով արել են իրենց աշխատանքները և շարունակում են անել»,- ասաց Թորոսյանը։