Ես հիասթափված եմ իմ գործընկերոջ ելույթից, որովհետև չեմ գտնում, որ կարելի է թեկուզ քողարկված, բայց այդքան հաճախ փորձել խոսքը հասցնել վիրավորանքի սահմանին, խոսել մի մարդու կամազրկության մասին, ում թերևս պարոն Բաբաջանյանը ճանաչում է այստեղ-այնտեղ պտտվող ասեկոսեներից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտնեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին:
«Եթե հիմնվենք այդ ասեկոսների վրա, այս դահլիճում դժվար թե գտնվի որևէ սուրբ մարդ, և դուք, և ես այդ ցուցակում վերջինը չենք:
Այո, բոլորը Հայաստանում աշխատել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք: Այս Ազգային ժողովում նույնպես բազմաթիվ մարդիկ կան, որոնք աշխատել են և հիմա էլ շարունակում են աշխատել: Եթե ձեր տեքստից հանենք Շաթիրյան ազգանունը և դնենք, ասենք, որևէ գյուղի դասատուի անուն, ձեր տեքստի բովանդակությունը չի փոխվի»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ չի կարելի նման կերպ խոսել այն մարդկանց մասին, ովքեր աշխատում և ապրում են ՀՀ-ում։
Սիմոնյանն հավելեց, որ Էդգար Շաթիրյանը նախկին իշխանության կողմից չի ընտրվել որևէ պաշտոնում, որ ծառայություն մատուցի, այլ այն պատճառով, որ իր նման մասնագետ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը տալիս է 5-6 տարին մեկ անգամ:
«Այս իմ պնդման տակ կստորագրեն ԵՊՀ շատ ու շատ շրջանավարտներ։ Այդպես բոլորին կարելի է բերել-կապել նախկին իշխանության հետ: Հարստացման հետ կապված. ես հասկանում եմ, որ դասախոսը, գիտնականը պետք է սոված, ծարավ, կյանքի վերջում հույսը ինչ-որ օգնությունների վրա դրած անձնավորություն լինի: Նմանատիպ հայտարարությունները, որոնք ասեկոսեների վրա են հիմնված, լուրջ չեն: Լուրջ չեն մի մարդու անունից, որը քաղաքական կառույցի անունից է խոսում, որը ելույթի ժամանակ 230 ՀԿ-ի կարծիք է հնչեցնում: Բոլորը չէ, որ կարողացել են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում տարբեր բևեռների հետ համագործակցել և կարողանալ քաղաքական պայքար վարել: Կներեք, բոլորից չէ, որ այդ պահանջը կա: Մարդիկ տարբեր են»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը:
Նա հայտարարեց, որ անձնական միտում է տեսնում Արման Բաբաջանյանի ելույթների մեջ՝ հուսալով, որ ժամանակի ընթացքում հակառակի մեջ կհամոզվի:
Նա նաև հույս հայտնեց, որ պատգամավորները կողմ կքվեարկեն Էդգար Շաթիրյանի թեկնածությանը:
Նշենք, որ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ելույթում հայտնել էր, որ Էդգար Շաթիրյանը, իր կամազուրկ չեզոքությամբ, ծառայել է նախորդ իշխանություններին։
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում քննարկվում է ՍԴ երեք անդամի ընտրության հարցը։ Ազգային ժողովը հունիսի 22-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին՝ իմքայլականների ներկայացրած նախագիծը: Օրինագիծն առաջարկում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի։ Իսկ ավելի պակաս պաշտոնավարածները կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը: Այսպիսով, բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի: Այս օրինագծի` ուժի մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցվի: ՍԴ նախագահի ընտրությունը՝ վեց տարի ժամկետով, տեղի կունենա, երբ օրինագծի ընդունումից հետո թափուր դատավորների տեղերը կհամալրվեն։ ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: ՀՀ կառավարության թեկնածուն է Էդգար Շաթիրյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղարշյանը, Դատավորների ընդհանուր ժողովինը՝ Երվանդ Խունդկարյանը: