ՀՀ ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի պահանջով նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու և նրա դեմ պայքարի հետևանքների մեղմման կամ հետևանքների վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ընթացքում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով։ Հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է ԱԺ որոշմամբ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախաձեռնողներն առաջարկում են, որ հանձնաժողովն ունենա 12 անդամ։ Այսինքն՝ 7 անդամ իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, 3 անդամ՝ ԲՀԿ-ից, 2 անդամ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի դիտարկմանը, թե պետք չէր, արդյոք, նման հանձնաժողով ստեղծել այն ժամանակ, երբ համավարակն ավարտվի, տեսնենք՝ աշխարհի մասշտաբով որո՞նք են եղել արդյունավետ-անարդյունավետ միջոցներ, Մարուքյանը նշեց, որ խորհրդարանն ընթացիկ մոնիթորինգ է անում գործադիր իշխանության գործունեությունը:
«Հիմա մենք մոնիթորիգ ենք անելու՝ մինչև այսօր ի՞նչ է եղել, բայց ընթացիկ մոնիթորինգ ենք ունենալու՝ ի՞նչ կլինի»,- արձագանքեց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ կառավարությունն ընդհանուր առմամբ ընդունել է կորոնավիրուսի համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման 24 միջոցառում։
Առաջին անգամ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել մարտի 16-ին, այդ ժամանակից ի վեր այն բազմիցս երկարացվել է։ Սեպտեմբերի 11-ից արտակարգ դրության ռեժիմին փոխարինելու է եկել կարանտինը .այն հայտարարվել է հանրապետության ողջ տարածքում և գործելու է մինչև 2021 թվականի հունվարի 11-ը: