Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու, քանի որ հակված եմ ժամանակս ու ռեսուրսներս ավելի արդյունավետ օգտագործել: Մեր երկրի առջև այսօր ծառացած են խնդիրներ, որոնք օր առաջ անհրաժեշտ է լուծել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Ըստ այդմ, նա առաջ է քաշել յոթ առաջնահերթություններ:
Առաջնայինը, ըստ նրա, այն է, որ արտակարգ դրության և կարանտինի ժամանակահատվածում վարկային համաներում պետք է իրականացվի:
Այնուհետև անհրաժեշտ է օր առաջ կարգավորել բարձր միավորներով ԲՈՒՀ-երից դուրս մնացած դիմորդների հարցը:
ԲՀԿ առաջնորդն անթույլատրելի է համարել նաև տնտեսական ճգնաժամի, արտակարգ դրության պայմաններում ուսման վարձավճարների թանկացումը, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար հարկային բեռի ավելացումը:
Լուծման կարոտ հաջորդ կարևորագույն խնդիրը, ըստ Գագիկ Ծառուկյանի, ՌԴ մեկնել ցանկացող մեր հայրենակիցների խնդիրն է:
«Ամբողջ աշխարհը նախապատրաստվում է համավարակի տարածման երկրորդ ալիքին: Իշխանությունները պարտավոր են նախապատրաստական աշխատանքներ իրականացնել, որպեսզի չկրկնվի մարտ ամսվա իրավիճակը, երբ իշխանությունների ուշացած որոշումների պատճառով մենք ունեցանք 1000-ից ավել մահ»,- գրել է Ծառուկյանը՝ ավելացնելով, որ պետությունը պարտավոր է ապահովել կորոնավիրուսով վարակված և տնային պայմաններում բուժում ստացող մեր հայրենակիցների ապաքինման գործընթացի և անհրաժեշտ հետազոտությունների պատշաճ կազմակերպումը:
«Սրանք այն առաջնահերթություններն են, որոնք օր առաջ պետք է իրականացնեն իշխանությունները: Այս քայլերի անհրաժեշտության մասին ես բարձրաձայնում եմ մեկ պարզ պատճառով՝ երկիրը ղեկավարող քաղաքական ուժերն ու անձինք միշտ փոխվում են, և կարևորը ժամանակին ժողովրդի խնդիրները լուծելն է ու պետության դեմ ծառացած մարտահրավերներին դիմագրավելը: Իմ սիրտն իսկապես ցավում է, որ իշխանությունների դատարկախոսության ու պարապուրդի մատնվելու արդյունքում մեր ժողովրդին պատուհասած խնդիրները օրեցօր ավելանում են… »,- գրառումը եզրափակել է Գագիկ Ծառուկյանը: