ԱԱԾ-ում ևս կան անձինք, ովքեր բնականոն պրոցեսի ընթացքում պետք է լքեն ԱԱԾ շարքերը, և այդ գործընթացը սկսվել է: Այս մասին այօր՝ Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը։
«Ես ցանկանում եմ, որ իմ ասածը ճիշտ ընկալվի, մարդիկ գալիս են, մարդիկ գնում են: Այստեղ որևէ արտառոց միտք փնտրել տեղին չէ»,- ասաց նա։
Նա տեղեկացրեց, որ ԱԱԾ-ն ռուսական «Դոսյե» կենտրոնի կողմից հրապարակված զեկույցի հիման վրա արդեն իսկ հետազոտություն է սկսել։
««Դոսյեի» հրապարակածն իրենից ենթադրում է հանցագործության մասին հաղորդում, և ԱԱԾ-ն՝ որպես իրավապահ մարմին, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի։ Այս պահին դրա վերաբերյալ որևէ այլ բան ասել չեմ կարող»,- նշեց նա։
Նա չմեկնաբանեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ իրեն ուղղված այն քննադատությունը, թե Քյարամյանին նշանակելն արդեն իսկ ազգային անվտագության սպառնալիք է։
«Արթուր Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի ու վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսվել են»,- նկատեց նա։
Հարցին՝ իսկ ինքը երաշխավորվա՞ծ է, որ իրեն չեն գաղտնալսի, պատասխանեց. «Այսօր տեխնիկական հնարավորությունները բավականին զարգացել են, և կան մարդիկ, կազմակերպություններ, ովքեր ունեն այդ ֆինանսական հնարավորությունները, դրա համար այս պահին որևէ հարցում երաշխավորված լինելը իրատեսական չէ»:
Լրագրողները փորձեցին Քյարամյանից ճշտել, թե ինչու է ԱԱԾ-ն քննում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործը, ոչ թե՝ ՀՔԾ-ն, նա մանրամասնեց, որ դատախազությունն իրավասություն ունի ցանկացած քրեական գործ վերցնել մեկ նախաքննական մարմնից և փոխանցել այլ նախքննական մարմին. «Այս հարցի վերաբերյալ ունենք նաև դատարանի որոշում. դատարանն օրինաչափ է համարել այն հանգամանքը, որ սույն քրեական գործը քննում է ԱԱԾ-ն: Այն հավելյալ ճնշման գործիք չէ»,- հավելեց ԱԱԾ տնօրենը։
Հիշեցնենք, որ ռուսական «Դոսյե» կենտրոնի կողմից հոդված որ հրապարակվել, որում գրված էր, թե Կրեմլը Հայաստանի բոլոր բարձրաստիճան կառույցներում գործակալներ է ունեցել, այդ թվում շրջանառվում էին ԱԱԾ նախկին տնօրենների` Գեորգի Կուտոյանի, Արթուր Վանեցյանի անունները։ Ըստ «Դոսյե»-ի` օրինակ` Վանեցյանին հաճախ են Մոսկվայում տեսնում ազդեցիկ գործարարների ընկերակցությամբ: