«Ազատամարտիկների դաշինքի» անդամների առաջին վաշտն արդեն Արցախում է, այսօր երկրորդ վաշտն էլ կուղևորվի առաջնագիծ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ազատամարտիկների դաշինք» միության վարչության նախագահ Գագիկ Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ պատերազմը մեզ համար ավարտված չի էլ եղել։ Ասում է՝ սպասելի էր, որ Ադրբեջանը կհարձակվեր Արցախի ուղղությամբ։
«1994 թվականից գտնվում ենք պատերազմի մեջ, պատերազմը երբեք էլ մեզ համար ավարտված չի եղել, ուղղակի ժամանակավոր հրադադար է կնքված եղել։ Իսկ 3 օր առաջ, Ադրբեջանը սկզբից սկսեց ռմբակոծել Արցախի տարածքները, հետո քաղաքացիան և ռազմական օբյեկտները։ Իսկ հիմա անցել է հարձակման, բայց իր մոտ չի ստացվում և հետ է շպրտվում։ 3 օր է՝ պատերազմ է»,- ասաց նա։
Գագիկ Մելքոնյանն անդրադարձավ ադրբեջանական բանակի կազմում կռվող սիրիացի վարձկաններին և նշեց, որ նրանք կռվում են գումար վաստակելու համար։ Նրա խոսքով՝ սիրիացի վարձականները չեն գալիս հանուն Ադրբեջանի զոհվելու։
«Իրենց պետք է, որ գումար աշխատեն և հետո այդ դումարը վայելեն։ Դրա համար շատ զգույշ են, որ հանկարծ չզոհվեն։ Բայց առաջին թափից արդեն հասկացան, թե ում հետ են կռվում և արդեն ահագին զոհեր են տվել։ Սակայն, նշեմ, որ հիմա հայերի դեմ կռվող սիրիացի մեծ թվով վարձկանների մասին են խոսում, բայց դա ստույգ չէ, քանի որ չկան նաև հաշվարկներ։ Հնարավոր է՝ ադրբեջանցիներն են նման լուրեր տարածում որ վախեցնեն մեզ, բայց հեչ մեր վեջն էլ չի։ Արցախյան ազատամարտի ժամանակ Աֆղանստանից էին զորք բերել, Չեչնիայից Շամիլ Բասաևն էր եկել իր զորքով, ի՞նչ եղան․ բոլորը ջարդուփշուր եղան։ Կեսն էլ գերի ընկան, հետո խնդում էին, որ գերիների փոխանակում լինի։ Հիմա նույնն էլ այս սիրիացի վարձականների ճակատագիրն է»,-նշեց Մելքոնյանը։
Նա նկատում է, որ հայը կռվող ժողովուրդ է և հաղթելու ենք։ Նրա խոսքով՝ պետք է միասնական լինել և հակահարված տալ հակառակորդին։
«Մեր հույսը պետք է մեզ վրա դնենք։ Դարերով հույսն ուրիշի վրա դրեցինք՝ սրան- նրան խնդրեցինք ու ի՞նչ եղավ, եկավ այն, որ դարձանք մի բուռ Հայաստան։ Մեր հույսը մեզ վրա ենք դրել։ Մեր կռիվն արդար է, մեր հողն ենք պաշտպանում։ Մենք զավթողական պատերազմ չենք սկսել»,- եզրափակեց Գագիկ Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ։ Այժմ էլ թեժ մարտեր են ընթանում։