Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել «Հորասիս» միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնի արտահերթ հանդիպման՝ ՄԱԿ-ի 75-ամյակին նվիրված «Բազմակողմանիությունը COVID-ի ժամանակ» առցանց քննարկմանը, որը վարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆաբրիցիո Հոխշիլդը:
Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
Քննարկման հիմնական թեմայի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմին՝ ժամանակակից աշխարհում խնդիրների լուծման հարցում առանցքային համարելով երկխոսության դերը:
«Իհարկե, միշտ հարց է առաջանում, թե 75 տարվա փորձառությունից հետո ո՞ւր ենք մենք գնում հիմա: Ո՞րն է հաջորդ քայլը, ուղղությունը: Երբ մտածում եմ այսօրվա և ապագայի ՄԱԿ-ի մասին, երկու բառ է միտքս գալիս: Առաջինը դասականն է՝ «երկխոսություն»: Սա եղել է ՄԱԿ-ի հիմքը՝ միավորելով տարբեր պետությունների հանուն երկխոսության: Եվ հենց այդ երկխոսության միջոցով լուծվել են խնդիրներ, որոնց առերեսվել են տարբեր ժողովուրդներ և տարածաշրջաններ: Առաջիկա 75 տարվա ընթացքում չեմ կարծում, որ պետք է փոխենք սա: Չկա երկխոսությունից ավելի լավ բան, որ կարող ենք ստեղծել նոր աշխարհում»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: