«Մենք հայտարարում ենք, որ մեր տարածքի վրա հակամարտության մասնակիցների կողմից ցանկացած տեսակի հարձակում անընդունելի է, եւ նախազգուշացնում ենք, որպեսզի բոլոր կողմերն անհրաժեշտ զգուշություն ցուցաբերեն այդ հարցում», – հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն։ Այս մասին հաղորդում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Հաթիբզադեն հավելել է, որ անհրաժեշտ է հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պահպանել խաղաղ բնակիչներին չթիրախավորելու սկզբունքը:
«Պետք է դադարեցնել բախումները և սկսել իրական երկխոսություն։ Թեհրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել այդ նպատակներին հասնելու համար», – նշել է նա։
Հինգշաբթի իրանական մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներից մեկի կողմից արձակված մի քանի արկ սխալմամբ ընկել է Իրանի Արևելյան Ազերբայջան նահանգում գտնվող գյուղում։