Թշնամու նպատակն է ահաբեկել մեզ՝ թիրախավորելով դպրոցները, բնակելի շենքերը, քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս մասին հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Նա նկատեց՝ ինչքան Ադրբեջանը փորձում է մեր կամքի վրա ազդել, այնքան ավել կարծր ենք դառնում։
Բաբայանի խոսքով՝ այն փաստը, որ ՌԴ հետախուզությունը հրապարակել է պաշտոնական տեղեկություններ, որտեղ նշվում է ահաբեկիչների Ռուսաստան ներթափանցման մեծ վտանգը, և որ նրանք պատրաստվում են հարվածել Սիրիայում ահաբեկիչների հենակետերին, արդեն ցույց է տալիս, որ միջազգային հանրության քայլերը նոր որակ են ստանում։
«Ուժեղանում է տարբեր երկրների վճռականությունը՝ անմիջական հարվածներ հասցնելու ահաբեկիչներին։ Մոտ ապագայում մեծ ճնշումներ կլինեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, բայց ամենամեծ ճնշումները նրան հայոց զինվորն է հասցնում»,- նշեց ԱՀ նախագահի խորհրդականը։
Բաբայանի կարծիքով՝ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, համագործակցում է ահաբեկիչների հետ՝ առանց տեղյակ պահելու իր գործընկերներին՝ վտանգելով ողջ աշխարհի անվտանգությունը։ Այդ երկիրը պիտի ենթարկվի պատասխանատվության՝ այն էլ միջազգային դատարանների մակարդակով։