Նիկոլ Փաշինյանի և ԱԺ խորհրդի կազմի հետ հանդիպման ժամանակ վարչապետը չի խոսել իր հրաժարականի պահանջի մասին:
Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Իշխանական պատգամավորի պնդմամբ՝ ՌԴ-ից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում և սուտ են։
«ՀՀ ղեկավարն ընտրվում է հայ ժողովրդի կողմից, ընտրվում է և փոփոխվում է հայ ժողովրդի կողմից, և ՀՀ քաղաքացիների համար պետք է առնվազն վիրավորական լինի ցանկացած նման խոսակցություն»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, թե վարչապետի և ԱԺ խորհրդի հանդիպման ժամանակ վարչապետը անդրադարձել է իր հրաժարականի պահանջի մասին հարցին, որն, ըստ տեղեկությունների, ռուսական կողմից է ներկայացվել։
Ինչպես հայտնի է, երեկ վարչապետ Փաշինյանը հանդիպել է նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։