Ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենան միջազգային հանրությանը փորձում է ապակողմնորոշել և ներկայացնել, թե, իբր, Արցախի դեմ ռազմական գործողություններին թուրքական կողմի մասնակցություն չկա, չկան վարձկաններ, որոնք բերվում են հակամարտության գոտի, չեն թիրախավորվում եկեղեցիները և քաղաքացիական օբյեկտները։ Դա ներկայացվում է որպես հերքում այն փաստերի, որոնք միջազգային հանրության կողմից ճանաչված են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը։
«Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Ղարաբաղի հակամարտության գոտում վարձկաններ չկան և նույնը կրկնեց Թուրքիայի նախագահը․․․
Բոլոր համանախագահ երկրները, Ռուսաստանը՝ Արտաքին հետախուզության պետի հայտարարությամբ, ՌԴ նախագահ Պուտինի՝ վարձկանների առկայության փաստով մտահոգ հեռախոսազանգով, Ֆրանսիայի նախագահը, նույնիսկ ԱՄՆ պետքարտուղարը, հաստատել են վարձկանների առկայությունը ղարաբաղյան սահմանային գոտում։ Բազմաթիվ են ապացույցները՝ վիդեո, աուդիո տարբերակներով»,- ասաց վարչապետի խորհրդականը։
Իր խոսքերը Հարությունյանը հիմնավորեց ձեռքի տակ հայտնված մի փաստաթղթով, որում Ադրբեջանի գենշտաբի պետ Սադիխովը ստորագրել է 520 զինյալ-ահաբեկիչների մարտական գործողություններին ներգրավելու համար։ Ապա նա ներկայացրեց մեկ այլ փաստաթուղթ, որով զորակոչվում են ֆարսի լեզվին տիրապետող զինվորականները։ Փաստաթղթում նշված են 15 զինվորականների ազգանուններ, որոնք ադրբեջանական պահեստազորի սպաներ են։