Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող բանաձև: Այս մասին տեղեկանում ենք Արցախի արտաքին գործերի նախարարությունից։
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը կոչ է անում կառավարությանը` դատապարտել ռազմական բոլոր քայլերը, որոնք հակասում են 1994թ. զինադադարի դրույթներին, դատապարտել արտաքին որևէ միջամտություն՝ ուղղված հակամարտող կողմերից մեկի, մասնավորապես, Ադրբեջանին թուրքական ռազմական աջակցությունը, աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման նախաձեռնություններին և կոչ անել հարգելու 1994թ. մայիսին կնքված զինադադարի սկզբունքները։
Նշենք, որ Միլանի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Իսկ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հումանիտար հրադադարի հաստատման մասին, ինչը խախտում է ադրբեջանական կողմը։