Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքից։
ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած աննախադեպ լայնամասշտաբ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրությունը։
Զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով ձեռք բերված համաձայնությունը և շարունակաբար թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ պատճառելով մարդկային կորուստներ:
ՀՀ ԱԳ նախարարը, ներկայացնելով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, առանձնահատուկ կարևորեց ՄԱԿ-ի և իր համապատասխան մարմինների կողմից հումանիտար աջակցության հասանելիության անհապաղ ապահովումը տեղում՝ մեղմելու Արցախի քաղաքացիական բնակչության տառապանքները և հասցեագրելու նրանց առաջնահերթ կարիքները՝ համաձայն ՄԱԿ նպատակների ոգուն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ և ընդգծեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը: