Այսօր ժամը 08։ 00-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ի ջանքերով հայտարարվեց երրորդ հումանիտար հրադադարի հաստատման մասին, որը նախորդների պես հակառակորդը չպահպանեց։ Թվով երրորդ ձախողված հումանիտար հրադադարի և Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ Armenia Today-ը զրուցել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ։
–Տիկին Էլիբեգովա, այս անգամ ԱՄՆ-ի միջնորդությամբ հումանիտար հրադադարը կրկին խախտվեց Ադրբեջանի կողմից։ Ձեր կարծիքով ինչո՞ւ հերթական անգամ Ադրբեջանը չպահպանեց հրդադարը։
– Ադրբեջանը չունի որևէ դրդապատճառ հրադադարը պահպանելու, քանի որ մարդասիրական գործողություններ իրականացնելու ցանկություն չունի։ Ադրբեջանի իշխանություններին ավելի ձեռնտու է խախտել հրադադարը և ցույց տալ Մինսկի խմբի համանախագահներին, որ բանակցային ֆորմատն իր համար զրո արժեք ունի և կոնստրուկտիվ թվալու ցանկություն այլևս նույնպես չունի։
-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Fox News ամերիկյան հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, թե Բաքուն պատրաստ է հրադադարի նոր համաձայնագրի, եթե Հայաստանը ընդունի հակամարտության կարգավորման սկզբունքները։ Արդյո՞ք Ալիևը փոխել է հռետորաբանությունը։
– Ալիևն ամեն հաջորդ հարցազրույցում է փոխում իր հռետորաբանությունը և պահանջները, որոնք անիրականանալի են, և նա դա հստակ հասկանում է։ Ի սկզբանե դնելով ոչ ռեալ պահանջներ՝ փորձում է խուսափել պատասխանատվությունից։
–Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արցախի հարցն այս փուլում և առաջիկայում չունի դիվանագիտական լուծում։ Մինչդեռ Սերժ Սարգսյան իր հարցազրույցում նշել էր, թե համաձայն չէ, որ սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը՝ մատնանշելով Կազանյան օրինակը։ Ձեր կարծիքով, արդյո՞ք խնդիրի լուծման դիվանագիտական ճանապարհը սպառվել էր և Կազանից հետո միակ տարբերակը մնում է մինչև արյան վերջին կաթիլը կռվելը։
– Կարծում եմ՝ ակտիվ հանդիպումները մեր և Ադրբեջանի արտգործնախարարների Մինսկի խմբի համանախագահների հետ վկայում են այն մասին, որ բանակցային գործընթացն, այնուամենայնիվ, գնում է զուգահեռ ռազմական գործողություններին։ Բայց նաև փաստենք, որ այս պահի դրությամբ մեծ հաջողություններ չկան կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ։
–Փաշինյանը նաև հայտարարեց, որ մեզ համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ միևնույն ժամանակ նշելով, որ Ադրբեջանի պատկերացումը խաղաղապահների կազմի վերաբերյալ չեն համընկնում Հայաստանի պատկերացումների հետ: Ըստ Ձեզ, արդյո՞ք խաղապահներ կտեղակայվեն։
– Դա նույնպես կախված է մի շարք տեխնիկական և քաղաքական հարցերից՝ որտեղ են տեղակայվելու խաղաղապահները, ինչ մանդատ են ունենալու, ինչ կազմով են լինելու։ Կարծում եմ՝ դեռ այդ հարցերը համաձայնեցված չեն։
–Խոսելով փոխզիջումների մասին՝ վարչապետը նշեց, որ Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ։ Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է հարցը լուծվի փոխզիջումային տարբերակով։
– Ադրբեջանը կտրականապես դեմ է փոխզիջումների և այս պահին միակ տարբերակը բռնապետին պարտադրելն է գնալ բանակցային ճանապարհով և փոխզիջումների։ Պարտադրել ասելով հասկանում ենք և՛ դիվանագիտական ճնշումը Ալիևի ու Էրդողանի հանդեպ, և ՛ռազմի դաշտում պարտությունների մատնելը։