Արտերկրում ապրող մեր քաղաքացիները պետք է զգույշ լինեն և չտրվեն ադրբեջանա- թուրքական սադրանքներին։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով Ֆրանսիայում հայերի և թուրքերի միջև տեղի ունեցած միջադեպին, ասաց «ԼՀԿ» ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա պատմեց, որ երեկ երեկոյան Ֆրանսիայի 4 խոշոր քաղաքներում թուրքերը՝ ագրեսիվ տրամադրվածությամբ, դուրս են եկել փողոցներ և վանկարկել՝ «ո՞ւր եք հայեր»։
Էդմոն Մարուքյանը մտավախություն ունի, որ իրավիճակը կարող է ավելի սրվել և հնարավոր է թուրքերի ու հայերի միջև բախումներ առաջանան։
«Կոնֆլիկտը չի կարելի տեղափոխել ճակատամարտից այլ վայրեր: Ես մեր հայրենակիցներին կոչ եմ անում զերծ մնալ բախումներից: Այո, պատերազմի մեջ ենք, բայց այն ընթանում է ռազմաճակատում: Մենք չենք կարող վտանգել մեր հայրենակիցներին։ Հուլիսյան դեպքերից հետո Մոսկովայում տեղի ունեցան նույնօրինակ դեպքեր, երբ հայերի և ադրբեջանցիների միջև ազգամիջյան բախումները հազիվ կանգնեցվեցին։ Հիմա նման բան թույլ չենք կարող տալ», – նշեց նա։
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայում հայերը փակել էին մայրուղիները՝ պահանջելով Արցախի անկախության ճանաչում։ Բողոքի ակցիայի ժամանակ թուրքերը մուրճով հարվածել են բողոքի ցույցին մասնակից հայ երիտասարդին։