Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ եվրոպական մի քանի հեղինակավոր լրատավամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Փոխզիջումների վերաբերյալ հարցին պատասխանելիս՝ Փաշինյանը նշել է, որ այն, ինչ զիջման արդյունքում ընդունելի է դառնում Հայաստանի համար, հենց այդ պահից անընդունելի է դառնում Ադրբեջանի համար, և Ադրբեջանն ակնկալում է, որ հայկական կողմը, Ղարաբաղը ավելի շատ զիջեն:
«Ես կարող էի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի շահն ընդհանրապես չպաշտպանել, զիջել: Բայց արդյոք դա կկանխե՞ր պատերազմը: Այս տրամաբանությամբ՝ ոչ: Որովհետև այդ զիջման նվազագույն կետում Ադրբեջանը պետք է պահանջեր ավելին: Ես վերջերս զուգահեռ բերեցի Մյունխենի համաձայնագրի և մեր իրավիճակի միջև՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից առաջ: Եվրոպայի տերությունները մտածում էին, որ երբ Չեխոսլովակիան զիջեն Հիտլերին, կհագեցնեն նրա ախորժակը, և պատերազմը տեղի չի ունենա: Եվ ի՞նչ տեղի ունեցավ դրա արդյունքում՝ Հիտլերը կուլ տվեց Չեխոսլովակիան: Եվ գործեց մյուս ասացվածքը՝ երբ ասվում է, որ «ախորժակն ուտելիս է բացվում»: Այո՛, եթե Չեխիան չզիջեին եվրոպական լիդերները, և պատերազմ սկսվեր, Ձեզ նման լրագրողներ կհավաքվեին ու կասեին՝ դուք ի՞նչ չարեցիք, Չեխիան չզիջեցիք, մի Չեխիայի պատճառով ամբողջ Եվրոպան, աշխարհը մտցրեցիք պատերազմի մեջ: Եվ նրանք էլ գլուխները կախ կասեին՝ հա երևի պետք էր Չեխիայի հարցում մի քիչ ավելի ճկուն լինել: Եղան ճկուն, դա ինչի՞ բերեց: Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին»,- նշել է վարչապետը։