ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ- ՌԴ հարաբերություններն ավելի քան բավարար է համարում։
Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին՝ նշեց, որ հայկական կողմը լիովին բավարարված է ՀՀ- ՌԴ հարաբերությունների մակարդակից։
Դրա համար ԱԺ փոխխոսնակը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին և անձամբ Վլադիմիր Պուտինին։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմում այն դեպքում, երբ Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցնում Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրին։
Ալեն Սիմոնյանն էլ պատասխանեց. «Կրկնեմ այն, ինչ ժամանակին ասել եմ՝ դրա անհրաժեշտության դեպքում կդիմենք ՀԱՊԿ-ին, հիմա այն գործընկերային հարաբերությունները, որոնք ի ցույց է դնում ՌԴ-ն, և այն պայմանագրային պարտավորությունները, որոնք մենք ունենք, լիովին բավարարում են ՀՀ-ին` որպես կողմ»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին, նշելով, որ մարտական գործողությունները մոտեցել են ՀՀ սահմանին։ Պուտինն էլ պատասխանել էր, որ կմիջամտի այն ժամանակ, երբ ռազմական գործողությունները տեղափոխվեն ՀՀ տարածք։