Եկող տարի տեղական ինքնակառավարման մարմինների համար «խոշոր» տարի է լինելու, քանի որ բազմաթիվ համայնքներում համայնքի ղեկավարների լիազորություններն ավարտվելու են, և պետք է ընտրություններ տեղի ունենան։ Այս մասին ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի քննարկման ժաանակ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Նա նշեց, որ հաջորդ տարի նախատեսվում են ընտրություններ մոտ 494 համայնքներում․ համայնքի ղեկավարի ընտրություններ կլինեն 62, իսկ ավագանու անդամի՝ 283 համայնքներում։ Արդյունքում կձևավորվի 1100 տեղամաս։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Տիգրան Մուկուչյանին հարցրեց, թե 2020 թվականի Սահմանադրական փոփոխությունների չկայացած հանրաքվեի չծախսված գումարները կարո՞ղ է թեթևացնել ՏԻՄ ընտրությունների ֆինանսական բեռը։
Տիգրան Մուկուչյանն էլ ի պատասխան տեղեկացրեց, որ հանրաքվեի համար պատվիրված ընտրական նյութերը՝ կնիքներ, քվեարկության ծրարներ, պահպանվել են և դրանք առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ կօգտագործվեն։
«Մյուս կողմից՝ հանրաքվեի համար հատկացված գումարի մեծ մասը՝ մոտ 80 տոկոսը, պետք է ծախսվեր հանձնաժողովների անդամների վարձատրության համար, բնականաբար, այդ գումարները չեն ծախսվել, որևէ մեկը վարձատրություն չի ստացել, քանի որ հանրաքվեն չի կայացել»,- ասաց Մուկուչյանը։
Հիշեցնենք, որ տարվա սկզբին մեկնարկեց Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ քարոզարշավը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով չանցկացվեց։