Ամերիկյան Trimble Navigation Ltd ընկերությունը, որը GPS նավիգացիա արտադրող ընկերություն է, դադարեցրել է Bayraktar թուրքական հարվածային անօդաչուների համար իր բաղադրիչների մատակարարումները՝ ի պատասխան այդ կապակցությամբ բարձրացված բողոքի ալիքի:
Մատակարարումների դադարեցման մասին տեղեկությունը գրավոր կերպով հաստատել է կազմակերպության ավագ փոխնախագահ և գլխավոր իրավախորհրդատու Ջիմ Կիրկլանդը: Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ Trimble-ն «դադարեցրել է Bayraktar-ի համար հետագա ցանկացած վաճառքը», հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Trimble Navigation Ltd ընկերությունը առաջիններից էր, որ թողարկեց GPS նավիգացիոն համաշխարհային արբանյակային համակարգի առաջին ազդանշանները: Ընկերությունն ունի GPS-արտադրանքի արտադրության քսանամյա փորձ և, անշուշտ, համաշխարհային առաջատար է GPS-սարքավորումների ոլորտում ։
Հիմնադրվել է 1978 թվականին, գլխամասային գրասենյակը գտնվում է Սաննիվեյլ քաղաքում (Կալիֆորնիա), Trimble ընկերությունն ունի ավելի քան 2000 աշխատակից աշխարհի 20 երկրներում, ներառյալ ԱՄՆ-ը, Լատինական Ամերիկան, Արևմտյան և Արևելյան Եվրոպան, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Ասիան: