Հաջորդ տարի էլ ՀՀ արտաքին գործերի նախարարության հիմնական գերակա ուղղությունները՝ գլոբալ և տարածաշրջանային անվտանգությունը, Հայաստանի բարեփոխումների՝ տնտեսական և ենթակառուցվածքների զարգացման աջակցությունը, հայապահպանությունը և արտերկրում Հայաստանի կերպարի ներկայացումը մնալու են նույնը։ Այս մասին ԱԺ-ում 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան։
Նախարարի ներկայացմամբ՝ 2020 թվականը ԱԳՆ-ի համար չափազանց լարված և ծանրաբեռնված տարի է։ Հենց տարվա սկզբին, համավարակով պայմանավորված, աշխատել են ճգնաժամային պայմաններում։
Այս պահին էլ, ըստ Մնացականյանի, ԱԳՆ-ի աշխատանքներն ամբողջությամբ թելադրված են նոր իրողութամբ՝ պատերազմով։
Նրա խոսքով՝ այս 2 տարիների ընթացքում շարունակվել է նաև բարեփոխումների ընթացքը, որի հիմքում արտաքին գերատեսչություններում մասնագիտական կարողությունների զարգացումն է։
ԱԳՆ-ն նպատակ ունի ընդլայնելու Հայաստանի ներկայությունն աշխարհի տարբեր կետերում։
«Մենք փորձել ենք պահպանել մեր նպատակները 2020-2021 թվականներին։ ՀՀ դիվանագիտական ծախսերը պետք է իրականացնել բացառապես պետական բյուջեի միջոցներով՝ նվազեցնելով կամ բացառելով տարբեր այլ միջոցները, որոնք բյուջեից դուրս են։ Մենք նախատեսում ենք բյուջեի լրացուցիչ հատկացումներ, որը կկազմի մոտ 476 մլն դրամ»,- եզրափակեց նախարարը։