Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նոյեմբերի 6-ին նամակով դիմել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներին, որտեղ ներկայացրել է Արցախում և Հայաստանի սահմաններին ծավալվող պատերազմական գործողությունները և հույս հայտնել, որ Եվրոպական միության գործընկերները հստակ գնահատական կտան տիրող իրավիճակին:.
Նամակում նշվում է, որ չնայած Եվրոպական խորհուրդը որոշ հայտարարություններ է արել Թուրքիայի գործողությունների վերաբերյալ, այնուամենայնիվ, տիրող վիճակի մասին ամբողջական գնահատական դեռ չի տրվել:
«Ես կոչ եմ անում ձեզ, որպեսզի չլռեք: Ցավոք, միջազգային հանրությունը կարծես անտարբեր է այս ողբերգության նկատմամբ: Կարծում եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք կանխել այն ցեղասպանությունը, որն այսօր իրականացվում է մեր հին քրիստոնեական քաղաքակրթության դեմ: Դուք պետք է ձեր ձայնը բարձրացնեք: Այսօր ձեզանից յուրաքանչյուրը կարող է նպաստել հրադադարի ռեժիմի պարտադրմանը և օգնել դադարեցնել արյունահեղությունը: Ձեր միջազգային ճնշմամբ մենք կարող ենք ապահովել, որ Ադրբեջանն ու Թուրքիան հարգեն միջազգային նորմերը, վերջ տան այս հակամարտությանն ու ողբերգությանը: Սպասում եմ ձեր արձագանքներին և կանխավ շնորհակալ եմ աջակցության համար»,- ասվում է նամակում: