Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և Մոսկվան հավատարիմ է մնում Երևանի հետ ունեցած անվտանգության մասին պայմանագրերին: Նախագահ Պուտինը հստակ նշել է, որ Ռուսաստանը պատրաստվում է հարգել Հայաստանի հետ ունեցած յուրաքանչյուր պայմանագիր, և դա բացարձակապես հստակ ուղերձ է: Այս մասին հունական «Kathimerini» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Մինչ Ռուսաստանը, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ջանք չի խնայում մարտերը դադարեցնելու համար, Թուրքիան լիովին խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռությունը՝ իր չարամիտ ազդեցությամբ և միջամտությամբ թեժացնելով պատերազմը»,- ասել է նախագահը:
Ըստ նրա, հաշվի առնելով դա, «Վալդայ» ակումբում վերջերս կայացած քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինը նշել է, որ չնայած, ընդհանուր առմամբ, երկկողմ հարաբերությունները դրականորեն աճում են, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Թուրքիայի և Ռուսաստանի շահերը չեն համընկնում:
Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական մրցակցության համատեքստում Ռուսաստանը Հայաստանում դիտարկվում է որպես հակամարտող կողմերի միջև վստահելի և ակտիվ միջնորդ: Այս հարցում Ռուսաստանը կարևոր դեր է խաղում և ցույց է տվել իր նվիրվածությունը հակամարտության խաղաղ լուծումը գտնելուն` հոկտեմբերի 10-ին միջնորդելով հրադադարի հաստատումը: Եվ պետք է ընդունենք, որ դա համարձակ և ժամանակին արված քայլ էր, չնայած ադրբեջանական կողմը շարունակեց մնալ ագրեսիվորեն համառ և լիովին կործանարար դիրքում: Անկախ այն ջանքերից, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ բոլոր երեք նախագահները ներդրել են հրադադարի հաստատման համար, Ադրբեջանը խախտել է դրանք բոլորը, և մարտերը շարունակվում են:
Հայաստանը գնահատում է Մոսկվայի, որպես պայմանագրային դաշնակցի և ազնիվ միջնորդի ջանքերը՝ դադարեցնելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված հրդեհածին և հիբրիդային պատերազմը, և ես վստահ եմ, որ մեր առջև ծառացած այս մարտահրավերը դրական թեսթ է Հայաստանի և Ռուսաստանի միջև սերտ ռազմավարական կապի համար: