Իմ կարծիքով՝ 9 կետից կազմված հաշտության համաձայնագիրը պարունակում է միջազգային պայմանագրի դրույթներ, հետևաբար վարչապետը չէր կարող այն ստորագրել, Facebook-ի էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
«Մասնավորապես, այս համաձայնագիրը վերաբերում է հաշտությանը, ինչպես նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի ստեղծմանը, որը ՀՀ քաղաքացիների համար կարող է որոշակի սահմանափակումներ նախատեսել այդ տարածքներից օգտվելու առումով:
Բացի վերոգրյալից, վարչապետը լիազորված չէ ժողովրդի անունից նմանաբովանդակ փաստաթուղթ ստորագրելու՝ ժողովրդի կամքին հակառակ:
Իմ կարծիքով այս իրավիճակից ելքը կարող է լինել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այս փաստաթղթի իրավազորությունը չընդունելը և միասնական ուժերով Հայաստանի և Արցախի պաշտպանությունը կազմակերպելը:
Հ.Գ.
1. Վստահ եմ, որ Ռուսաստանը նույնպես կհարգի հայ ժողովրդի որոշումը և չի ցանկանա կորցնել հայ ժողովրդի վստահությունը:
2. Պետք է զանգվածային անկարգություններից և այլ անօրինական գործողություններից խուսափենք:
3. Համաձայնագրի ադրբեջանանպաստ տեքստին չեմ անդրադառնում: Օրինակ՝ նշվել է «Հայաստանի Հանրապետությունը Քելբաջարի շրջանը կվերադարձնի Ադրբեջանի Հանրապետությանը»: Ստացվում է Հայաստանն է վերցրել»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հայտնել է Արցախում պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը ստորագրելու մասին։ Փաշինյանը նշել է, որ որոշումն անասելի ցավոտ է անձամբ իր և ժողովրդի համար:
Հիշեցնենք նաև, որ վարչապետի հայտարարությունից հետո բազմաթիվ քաղաքացիներ բողոքի գործողություններ իրականացրեցին՝ պահանջելով, որ վարչապետը չեղարկի ստորագրած փաստաթուղթը։
Նրանք ներխուժեցին կառավարության շենք, որպեսզի հանդիպեն վարչապետի հետ: Քաղաքացիները գիշերվանից բողոքի ցույց են անցկացնում ԱԺ-ի դիմաց և հանդիպում են պահանջում իմքայլական պատգամավորների հետ:
Ի դեպ, 17 կուսակցություններ պահանջում են վարչապետի հրաժարականը: