ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նոյեմբերի 11-ին հանրահավաք հրավիրած քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել մամուլի ասուլիսով: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը նշել է, որ կայացած հավաքը ցույց տվեց, որ թե Հայաստանում, թե Սփյուռքում մերժում են այն կապիտուլացիան, որին տարավ Նիկոլ Փաշինյանը:
«Համոզված ենք, որ ի դեմս նոր մարդու բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստի մի անձ, որն էականորեն կարող է բեկում մտցնել վիճակի մեջ: Սա ոչ իշխանության, ոչ աթոռի համար կռիվ է, սա ՀՀ և ԱՀ փրկության պայքարն է, ազգային ողնաշարը վերականգնելու պայքար»,- ասել է Արծվիկ Մինասյանը:
Նա նշել է, որ շարժման առաջնորդների մեծ մասը ձերբակալված կալանավորված է, բայց դա չի թուլացնում մասնակիցների կամքը, շարժման թափը: «Մենք այսօր ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացիները չեն ընկճվելու փաստաթուղթը ստորագրած այն վարչախմբի առաջ, որոնք Հայաստանն ու Արցախը տանում են պարտության: Սա ոչ միայն պարտություն է այսօրվա, այլ նաև վաղվա, մյուս օրվա և ապագա երկար տարիների համար: Դրա համար մենք չենք կարող թույլ տալ, որ այս պարտությունը շարունակականություն ունենա»,- ասել է ՀՅԴ ԳՄ անդամը:
Շարժման նախաձեռնող 17 կուսակցություններից մեկի՝ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի կարծիքով իրավիճակի փոփոխություն հնարավոր է, որի համար համարժեք քայլեր են անհրաժեշտ. «Գործող վարչապետը պետք է հրաժարական տա, առանց այդ նախապայմանի իրականացման հնարավոր չէ փոփոխություն մտցնել մեզ համար բախտորոշ ժամանակահատվածում»:
Ըստ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայան՝ Նիկոլ Փաշինյանի կողմից այս հետապնդումները, ձերբակալությունները նպատակ ունեն մի շարք ուժերի ղեկավարների և անձանց անազատության մեջ պահել այնքան, մինչև կհաջողի այս դավաճանական պայմանագիրը հասցնել իր ավարտին: «Արդեն մի քանի անգամ համոզվեցինք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանի առջև կանգ չի առնելու: Ես տեղեկություն ունեմ, որ այս օրերին Հայաստանում նույնիսկ անջատվելու է բջջային ինտերնետը: Վստահեցնում եմ, որ ձերբակալությունները, քաղաքական հետապնդումներն իր համար ոչ մի արդյունք չեն տալու»,- ասել է Արսեն Բաբայանը:
Հավելենք, որ նոյեմբերի 12-ին կայանալու է մամուլի ասուլիս, իսկ ժամը 17:00-ից Մատենադարանի մոտակայքից նախատեսվում է հավաք-երթ իրականացնել: