Կապիտուլյացիոն փաստաթուղթը Հայաստանի պատմության ամենախայտառակ էջերից էր և սա 2,5 տարի վարվող մեր հայրենիքի հանձնման քաղաքականության կուլմինացիոն կետն էր, որն իրականացվեց բանակի, մեր հանրության թիկունքում: Այս մասին ընդդիմադիր 5 կուսակցությունների ներկայացուցիչների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ազգային օրակարգ» կուսակցության Արա Գասպարյանը: «Նիկոլ Փաշինյանը և թիմը պետք է հեռանան, որովհետև նրանք երկիրը, բանակը ղեկավարելու բարոյական իրավունք չունեն: Մենք հիմա ծանր վիճակում ենք, բայց կան ելքեր»,- ասել է Արա Գասպարյանը՝ ավելացնելով, որ ստեղծված իրավիճակից դուրս գալուց հետո մենք պետք է մեր երկիրը տանենք նորացման, արդիականացման ճանապարհով:
«Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Խաչիկ Գալստյանի խոսքով էլ իշխանությունները հենց այս պահին բանդաներ են ձևավորում՝ ժողովրդի բնական ընդվզումը սաստելու համար: «Ստորացուցիչ, նվաստացուցիչ համաձայնությունից հետո Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել արյուն թափել նաև երկրի ներսում, որի հաջողված փորձն տեսել ենք մարտի 1-ին: Որպես գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ով 20 տարուց ավելի ամենօրյա ռեժիմով ուսումնասիրել է Արցախյան հակամարտությունը, կարող եմ ասել, որ Հայաաստանում չի եղել ղեկավար, որն այդքան տգետ, այդքան անփույթ, ապաշնորհ կերպով տիրապետեր Արցախյան հարցին, ով նման ցինիկ ամբարտավանությամբ, ցինիկ մեծամտությամբ շշպռեր բոլոր փորձագետներին, առողջ մտածող մարդկանց»,- նշել է Խաչիկ Գալստյանը:
Նրա խոսքով՝ բոլորս ազգովի ոտքի ենք կանգնել, որպեսզի Շուշին Շուշա չդառնա, իսկ դրա համար պետք է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա. «Մենք ուզում ենք փրկել մեր արժանապատվությունը, ուզում ենք հայի հպարտ տեսակով ապրել»:
Իսկ ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանի կարծիքով մենք ունենք գոնե հայրենազրկումից խուսափելու հնարավորություն, որի առաջին պայմանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր 17 կուսակցություններն այսօր ժամը 17:00-ին հավաք-երթ են կազմակերպելու, որը մեկնարկելու է Մատենադարանի մոտակայքից: