Կապիտուլյացիոն ակտով երկիրը պարտության տարած իշխանությունները շարունակում են իրենց հայրենադավ ծրագրի իրականացումը: Այս մասին հայտարարություն է տարածել հայաստանյան 17 կուսակցությունների քաղաքական խորհուրդը։
«Հանրության մոտ բացասական վերաբերմունք ձևավորելու և սեփական պատասխանատվությունից խուսափելու ակնհայտ դիտավորությամբ հրապարակ է նետվել դիվական զառանցանք, թե իբր ընդդիմադիր առանձին քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ծրագրել են Փաշինյանի սպանությունը: Ս.թ. նոյեմբերի 14-ին այդ մեղադրանքով ապօրինի ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը: Նույն շինծու մեղանդրանքներով ձերբակալվել են նաև ՀՀԿ նախկին պատգամավորական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԶՈւ գնդապետ, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, Արցախյան երեք պատերազմների մասնակից, Սիսական ջոկատի հրամանատար՝ Աշոտ Մինասյանը, նույն ջոկատի անդամ, դաշնակցական, մտավորական Աշոտ Ավագյանը:
Ապօրինի քրեական հետապնդումները սաստկանում են՝ ձևավորելով քաղաքական բանտարկյալների մեծաթիվ բանակ»,-ասված է հայտարարության մեջ։
Խորհուրդը շեշտել է, որ իշխանությունների դեմ պայքարում առաջնորդվում է սահմանադրականությամբ և օրինականությամբ` ի տարբերություն իշխող կուսակցության և նրան սատարող խմբավորումների:
«Հարգելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում ձեր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն քաղաքական բանտարկյալների և համախմբվել՝ սահմանադրական ճանապարհով ժամ առաջ Փաշինյանի աղետաբեր վարչախմբից ազատվելու համար»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ, Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Սյունիքի մարզի բնակիչ Աշոտ Մինասյանը Սիսիան քաղաքում գտնվող շինություններից մեկում ապօրինի պահել է մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր: Ընդ որում, հիշատակված անձը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավարների, հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և նրանց համախոհների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել ապօրինի պահած զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար վերջինին դիտավորությամբ կյանքից զրկել և ինչպես այդ կերպ, այնպես էլ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին՝ քննարկելով նույնիսկ ՀՀ վարչապետին փոխարինող հավանական թեկնածուի վերաբերյալ հարցեր: Հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։