ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ նախադասություն առ նախադասություն վերլուծեց՝ իրարանցում առաջացրած գիշերվա գրառումը:
Վարչապետի գնահատմամբ՝ երեկվա իր գրառման մի շարք արձագանքներ ի ցույց դրեցին, թե ինչպես են հատկապես լարվածության այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմներ գործում։
«Ես գրառման մեջ նշել եմ, թե ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերքը ճիշտ են. այսինքն, նշանակում է, որ իրենց շատ մեկնաբանությունների հետ ես համաձայն եմ։ Սպասում եմ ձեզ Երևանում նախադասությունը, որ շատերին հիմք է տվել ասելու, թե այստեղ քաղաքացիական պատերազմի և բախումների կոչ կա։ Հայտնի իրադարձություններից հետո հենց համացանցում էլ երևում է, որ այդ զինվորներից շատերը զորացրվում են և վերադառնում իրենց ընտանիքներ։ Նրանցից շատերն ինձ ուղերձ են հղում, որ ուզում են հանդիպել։ Ես հարկ եմ համարել այսպես հրապարակային արձագանքել, որ ես իրենց հետ հանդիպումը կկազմակերպեմ և հարցեր կքննարկենք», – գրառումը պարզաբանեց Փաշինյանը։
Նա մեկնաբանեց նաև գրառման մեջ տեղ գտած «Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը» նախադասությունը։
«Իհարկե, այստեղ բավական կոշտ ձևակերպում է, բայց հաշվի առնելով, որ նաև երեկ իմացանք, որ այս արտահայտությունը նաև պաշտոնական մարմիններ են օգտագործում իրենց հայտարարություններում, այո, ես օգտագործել եմ այդ ձևակերպումը։ Սա նշանակում է, որ առաջնագծի զինվորների հետ վերադարձից հետո և նրանց հետ խոսակցության ընթացում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել», – նկատեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջնագծից ոչ մի զինծառայող զինված չի վերադառնում։
Վարչապետն ընդգծեց, որ պետք է բացառենք ատելության խոսքը։ Քաղաքացիական պատերազմը նույն պես բացառված է։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը Facebook- իր էջում գրել է, որ
առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր է դիտել և ապշած է տղաների խորագիտությունից։ «Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»,- գրել էր Փաշինյանը։
Վարչապետի այս գրառումը ֆեյսբուքում լայն քննադատությունների տեղիք տվեց։