Վերջին երկուս ու կես տարին վերջին 30 տրվա 10 տոկոսից էլ պակաս է: Ուստի պետք է հարցը դիտարկել վերջին 30 տարվա մեջ: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Շուշին հանձնելու մասին հարցերին:
«Ասում են՝ Շուշին ծախել են, ո՞վ է ծախել Շուշին: Եթե Շուշին ծախել են, ապա ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր: Մեզ պե՞տք էր Շուշին: Բա որ պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում: Մեզ այդ տարածքները ազատագրված պե՞տք էին»,- ասաց վարչապետն ու հավելեց, որ այդ տարածքները հոկտեմբերի՛ն չեն հանձնվել, 30 տարի հանձնվել են, երբ այնտեղ մոլախոտ է աճել:
«Ինչպես պետք է 2,5 տարում փոխենք 30 տարի շարունակ մեր ժողովրդի մեջ արմատացած մտածողության կոդը»,- հարցրեց վարչապետը: Պետք էր վաղուց ազատվել այն տրամաբանությունից, թե «փող տանք՝ բանակից ազատենք, ծնունդին էլ խմենք բանակի կենացը…»:
«Վերջին 2 օրերին Շուշիից 300-ից ավելի զոհվածների մարմիններ են դուրս բերվել: Պատկերացնո՞ւմ եք ճակատամարտի մասշտաբը:
Ո՞ւմ հրամանով են եղել Շուշիի մարտերը, եթե այն հանձնվել է: Եթե հնարավոր լիներ Շուշին պահել, ապա կպահվեր»»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ավելի ուշ վարչապետն իր Facebook-ի էջում գրեց.
«Ինձ համար ակնհայտ է, որ 1994 թվականից ի վեր, մենք ցավոք, Շուշիի համար չենք հասցրել անել այն ամենը, ինչ կարող էինք անել:
Եղել են նվիրյալ գործարարներ, ովքեր շատ էական եւ կարեւոր ներդրումներ են արել: Եղել են նաեւ պետական ներդրումներ, բայց մեծ հաշվով Շուշին չկարողացանք դարձնել այնպիսին, ինչին ինքը արժանի էր: Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքների բերումով»: