ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարծիքով՝ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար անխուսափելի են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Մինչ այդ, ըստ նախագահի, երկրի կառավարումը պետք է հանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը:
Նախագահի ուղերձի առանցքային կետերի և ներհայաստանյան իրավիճակի շուրջ Armenia Today-ը զրուցել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։
-Պարոն Միքայելյան, սպասելի՞ էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այս հայտարարությունները։ Նախագահի ինստիտուտը ֆորս մաժորային իրավիճակներում կարո՞ղ է առանցքային դերակատարում ունենալ։
–Կարող ենք արձանագրել, որ նախագահը տարակարծիք է վարչապետի հետ և խնդիրներն այլ տեսանկյունից է տեսնում։ Սարգսյանը հայտարարեց, որ ստորագրված եռակողմ հայտարարության մասին ինքը տեղյակ չի եղել։ Այնպես որ, այս առումով Սարգսյանի ուղերձում հնչած հայտարարությունները սպասելի էին։ Խոսել այն մասին, թե նախագահն ունի ինչ- որ լիազորություններ, ապա հարցն այստեղ սահմանադրագետների տիրույթում է։ Հիմնականում նախագահի ազդեցությունը նման իրավիճակներում բարոյական է և տեղեկատվական, այսինքն՝ ստույգ մեխանիզմներ ինքը չունի։ Բայց նա հնարավորություն ունի լիգիտիմիզացնելու նոր իշխանություն, որը կարող է ձևավորվել, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։
-Նշեցիք Փաշինյանի հրաժարականի մասին։ 16 քաղաքական ուժեր արդեն վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքներ են սկսել։ Ձեր կարծիքով՝ ստեղծված իրավիճակում վարչապետը պե՞տք է հրաժարական տա։
–Այո, այս պահին ճիշտ է, որ վարչապետը հրաժարական տա, որովհետև, եթե նույնիսկ Բեյրութում պայթյունից հետո տեղի վարչապետը հրաժարական ներկայացրեց, ապա մեզ մոտ խայտառակ պարտությունից հետո ինչ- որ մեկը դրա համար պետք է պատասխանատվություն կրի։ Եվ դա պետք է լինի այն մարդը, որը տապալել է արտաքին հարաբերությունները, կազմակերպչական առումով՝ նաև պատերազմը, պառակտումներ է մտցրել ազգի մեջ, որի հետևանքով մենք պարտություն կրեցինք։ Այս պարտությունն օդից չի եկել և այն մարդը, ով պատասխանատվություն է կրում, չպետք է խուսափի դրանից։ Նա չպետք է 30 տարվա մասին խոսի։ Այո, կարելի է խոսել պատճառների մասին։ Մարդիկ դեռ այս ամենը չեն գիտակցում։ Մենք 9000 քառակուսի կիլոմետր ենք կորցրել և 3000-ից ոչ պակաս կյանք։ Ինչ- որ մեկն այս ամենի համար պետք է պատասխանատվություն կրի և դա այս իշխանությունն է։
-Ձեզ համար տեսանելի՞ է բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու ճանապարհային քարտեզը։ Ո՞վ պետք է լինի այդ կառույցի ղեկավարը։
-Ցանկացած քաղաքական մարմին, նույնիսկ բարձր որակներով, հետևում պետք է որոշակի քաղաքական ենթակառուցվածք ունենա։ Օրինակ, քաղաքական կոալիցիա, որը կերաշխավորի այդ կառավարության գործողությունները։ Այսինքն՝ կառավարությունը կարող է մասնագիտացված լինի, օրինակ, տեխնոկրատ, բայց պետք է ձևավորվի այն քաղաքական համատեքստում, որում այս կառավարությունը կկարողանա գործել։ Քանի այս համատեքստը չկա, այդ պլատֆորմը տեսականորեն կարող է լինել ընդդիմության միավորումը։ Սակայն, պետք է նկատել, որ իշխանությունը մեծ հաջողությամբ հեղինակազրկել է ցանկացած այլ քաղաքական ուժի։ Մենք հիմա հեղինակավոր քաղաքական ուժ չունենք երկրում և սա շատ մեծ խնդիր է հանդիսանում, որ նման կառավարություն ձևավորվի։ Ես կարող եմ ասել, որ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու համար քաղաքական համատեքստը դեռ չի հասունացել, իսկ քաղաքական ուժերն ի վիճակի չեն այն ձևավորել։
Եթե Նիկոլ Փաշինյանը հասկանա իր պատասխանատվությունը և հրաժարական տա՝ Ազգային համաձայնության կառավարություն ձևավորելը հեշտ կլինի։ Քանի դեռ իշխանությունը, լծակներն օգտագործելով, փորձում է նման բան թույլ չտալ, իհարկե, դա դժվար կլինի։
–Իսկ Ազատության հրապարակում վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի գործողությունները որքանո՞վ են միտված ստեղծված իրավիճակի լուծմանը։
–Հիմա նաև շարունակվում է իշխանության հեղինակազրկման գործընթացը և, ինչպես ընդդիմությունը, այն ևս չունի լավ ելքեր։ Սա նշանակում է, որ մենք գտնվում ենք խոր քաղաքական ճգնաժամի մեջ։ Արդեն իսկ մի քանի պաշտոնյաներ հրաժարական են տվել։ Այս պահի դրությամբ մենք տեսնում են, որ ո՛չ ընդդիմությունը կարող է իշխանությունն իր ձեռքը վերցնել և ձևավորել Ազգային համաձայնության կառավարություն, ո՛չ էլ իշխող ուժն է կարողանում իշխանությունն արդյունավետ պահել։ Մենք հիմա տեսնում ենք, որ իշխանությունն ավելի շատ չկա, քան կա։
– Եվ, ուզում եմ նշեք՝ ի՞նչ կանխատեսումներ ունեք ներքաղաքական զարգացումների վերաբերյալ։
–Նման ճգնաժամ իսկզբանե կանխատեսում էի։ Պարզ է, որ հիմա ընդդիմությունն ի վիճակի չէ փողոցի միջոցով իշխանությունը վերցնել։ Այս գործընթացները կշարունակվեն մոտ 2 շաբաթ, որը կառավարման տեսանկունից ավելի մեծ դժվարություններ է առաջացնելու այս իշխանության համար։ Կարծում եմ՝ ինչ- որ պահից Նիկոլ Փաշինյանն իշխանությունն այս կամ այն կերպ կզիջի։