ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ չի ասելու «Նիկոլ, դավաճան», որպեսզի չիջնի նիկոլական մակարդակի. «Կա մի օրենք, որ մարդու հանցանքը դատարանով պետք է ապացուցվի, հետո նոր նրան տրվի այդ պիտակը: Նիկոլը 2.5 տարում բացարձակապես հեղինակազրկեց հերոսականությունը, նրա փոխարեն դնելով հակահերոսին, և գլխատեց բանակը»:
Ըստ Սրապիոնյանի՝ դա սկսվեց այն օրից, երբ «դդմազգիներից մեկին դրեց կրթության նախարար», որը արմատախիլ էր անում հայն ու հայկականը, փորձում էր ամեն ինչ տանել դեպի թուրքական բարեկամություն և թուրքական մտերմություն: «Աշխարհում կա ընդամենը մի ժողովուրդ, որն ամենալավն է ճանաչում թուրքին և թրքությունը, և դա, դժբախտաբար, մենք ենք: Մենք գիտենք մեր կորուստների գինը: Բոլոր նրանք, ովքեր այսօր մանիպուլյացիա են անում, թե՝ դուք նորից պատերազմ եք ուզում, թող ականջներին օղ անեն՝ աշխարհում եթե կա մի ժողովուրդ, որն ամենաշատն է ուզում խաղաղություն, դա հենց հայ ժողովուրդն է»,-նշել է նա:
Սերժ Սրապիոնյանն ասաց, որ խելացի, իմաստուն, աշխարհը զարմացրած ժողովրդին ղեկավարելու համար Նիկոլ Փաշինյանի ուսերը շատ էին վտիտ, շատ էին թույլ. «Երբ ասում են՝ Նիկոլը չէ, բա ո՞վ, ես հայտարարում եմ՝ հայ ժողովրդի արգանդը երբեք չի ամլացել, և հայ ժողովուրդը կգտնի նրան, ով Նիկոլից հետո հաստատապես կկարողանա բանակցել: Պարտվածներին արհամարհում են, պարտվածների հետ չեն բանակցում, նրանց ոտքի մի թեթև շարժումով մի կողմ են նետում, որովհետև Նիկոլի բանակցելը մենք արդեն տեսանք՝ խախտվեցին մի քանի օրենքներ՝ խորհրդարանային երկրի օրենքները, ժողովրդին իր տված խոստումը, թե պիտի ձեզ հետ խորհրդակցեմ, նոր մի թիզ հող տան: Ես երբեք դրան չեմ հավատացել: Հուսամ՝ մեծ մասդ երեկ տեսել եք Իլյուշի և Մեհրիբանի շրջելը Ղարաբաղի տարածքով. Դա մարդու սրտին մեխված դաշույնի արժեք ուներ: Ալիևը Ղարաբաղի մասին էր խոսում, իսկ մենք ասում ենք, թե Ղարաբաղից մի փոքր հատված փրկվել է: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ժողովրդավարությունից. Դա այն ժողովրդավարությունն էր, որը Գևորգ Գևորգյան հերոսին, որ անչափահաս տարիքից մասնակցել է արցախյան բոլոր հերոսամարտերին, դու նրան տանում ես ԱԱԾ, ինչի՞ն չես վստահում նրա: Զոմբիներից մեկը Աշոտ Մինասյան հրամանատարին էր խորհուրդ տալիս գնալ ճակատ՝ կռվելու, երբ մարդը ճակատից էր եկել: Փաստեր ինչքան ասես՝ կարող եմ բերել»: