Երկրում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու հարցով ԱԺ-ն նոյեմբերի 26-ին արտահերթ նիստ կանցկացնի։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
Արտահերթ նիստը կգումարվի ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն։
Հիշեցնենք նաև, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների պատգամավորներն են հանդես եկել ռազմական դրությունը վերացնելու առաջարկով։
Հավելենք, որ այս կուսակցությունները մի քանի անգամ դիմել են ԱԺ-ին՝ ռազմական դրության իրավական ռեժիմը չեղարկելու հարցով արտահերթ նիստ գումարելու համար, բայց քվորում չլինելու պատճառով այն տեղի չէր ունեցել։