ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։
«Նա սովորականի պես աշխատավայրում է, օրվա ընթացքում այցելում է ՊՈԱԿ-ներ, հետևում աշխատանքների ընթացքին»,- ասացին նախարարությունից։
Հիշեցնենք, որ մի քանի օր է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամերը հաշված են, և նա շուտով հրաժարական կտա։ Անգամ նոր նախարարի հավանական թեկնածուների անուններ են նշվում։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Արայիկ Հարությունյանի հրաժարականաի պահանջով բողոքի ակցիաներ էին տեղի ունենում, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ-ում բարձրացրել էր ԿԳՄՍ նախարարի հրաժարականի հարցը։ Ընդդիմադիր ուժը սեպտեմբերի 16-ին խորհրդարանում առաջարկելու էր ընդունել որոշում, որպեսզի վարչապետը քննարկի Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը։ ԼՀԿ-ի առաջարկը, սակայն, մերժվել էր։