Վարչապետը փոխել է կառավարության մի քանի անդամների։ Կառավարությունում կատարված փոփոխությունների և երկրի ներքաղաքական հարցերի շուրջ Armenia Today-ը զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխում է կառավարության անդամներին։ Արդյո՞ք այս փոփոխություններով վարչապետը փորձում է շրջանցել իր հրաժարականի պահանջը։
-Վարչապետն այս հարցում փորձում է ուղղակիորեն գոլորշի բաց թողնել։ Խնդիրը նրանում է, որպեսզի նոր օրակարգեր, հասարակության մեջ իլյուզիաներ ձևավորվեն։ Վարչապետը հասկանում է հասարակության դժգոհությունները։ Փաշինյանը փորձում է բարեփոխումների իբրև նոր փուլ սկսել։ Կարծում եմ՝ այստեղ հիմնական օրակարգից բոլորին շեղելու փորձ կա։
Ես չեմ կարծում, որ կապիտուլյացիայից հետո հիմնական քաղաքական օրակարգը կարող է լինել այլ, քան՝ վարչապետի շուտափույթ հրաժարականն է։ Չեմ կարծում, որ այն շեղելու փորձերը կարող են որևէ արդյունք տալ։
Գիտեք՝ նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգերում նման դեպքերում սովորաբար զոհաբերվում է վարչապետը։ Մեզ մոտ, քանի որ խորհրդարանական համակարգ է, վարչապետը պետք է փորձի զոհաբերել որոշ ֆիգուրների, որոնք համեմատաբար ոչ պոպուլյար են, ինչպես օրինակ, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն էր։ Բայց նույնիսկ այս պարագայում նա ստանձնեց վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը։ Ես կարծում եմ՝ այն խնդիրը, որ վարչապետը պետք է լուծեր այդ զոհաբերությամբ, չկատարեց։ Նման քայլի գնալու համարձակություն վարչապետը չունեցավ։ Փաշինյանը հանուն իր պաշտոնի պահպանման զոհաբերում է իր թիմին և իրեն ամենանվիրված մարդկանցից մեկին։ Դա կարող է հենց իր թիմում բավականին վատ տպավորություն թողնել։ Դա նաև կհանգեցնի նրան, որ թիմից դուրս կգան այն մարդիկ, որոնք նման վարքի, ինչպես Արայիկ Հարությունյանն է, ինդուլգեցիա չունեն։ Սովորաբար, երբ սկսվում են զոհաբերությունները, ամենաթույլ օղակներն են առաջինը զոհաբերվում։
–Կառավարությունն արդեն մի քանի նորանշանակ նախարարներ ունի։ Ի՞նչ եք կարծում՝ նրանք այն կադրերն են, որոնք կարող են հաղթահարե՞լ երկրում ծագած սոցիալ- տնտեսական ճգնաճամը։
–Ամբողջ կառավարության հրաժարականն անխուսափելի է, քանի որ դժվար է պատկերացնել, որ պատերազմում պարտված գործադիր մարմինը պետք է գլխավորի երկրի վերակառուցումը։ Սա ընդհանրապես համաշխարհային պրակտիկայում «նոնսենս» է։ Նույնիսկ բարոյական տեսանկյունից է այն անհասկանալի։ Որոշ նոր նախարարների հենց առաջին հայտարարությունները ցույց տվեցին, որ նրանք էլ որևէ առավելություն չունեն։
Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում վարչապետն ամեն օր իր հենարանները կորցնում է, արտաքին քաղաքական հենման կետեր էլ կկորցնի։ Տեսնում ենք՝ այս օրերին մտավորականներ, արվեստագետներ են բողոքի ցույցեր իրականացնում։
-Նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ երկրի կառավարումը պետք է հանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը։ Ձեզ համար տեսանելի՞ է բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու ճանապարհային քարտեզը։
-Ես կասեի, որ պետք է ձևավորվի ժամանակավոր Հակաճգնաժամային կառավարություն, որի հիմնական ֆունկցիան պետք է լինի ներքաղաքական իրավիճակի կայունացումը, որպեսզի ինչ- որ ձևով դուրս գանք այս ճգնաժամից։ Արտաքին քաղաքական ոլորտում պետք է սկսել բանակցություններ թե՛ Արցախի իրավիճակի, թե՛ այդ չարաբաստիկ Եռակողմ հայտարարության շուրջ՝ փորձելով փոխել մի քանի կետեր։ Դրանից հետո, ամենայն հավանականությամբ, երբ երկրում իրավիճակը հանդարտվի, պետք է նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
–Ստեղծված իրավիճակի ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություննե՞րն են։
–Ես կարծում եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ոչ միայն անխուսափելի են, այլև միակ Սահմանադրական ճանապարհն է։ Հակառակ դեպքում մնում է միայն զանգվածային ճնշման տարբերակը։ Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ դա անխուսափելի է, ուղղակի ժամանակ են ձգում։ Վարչապետը չի ուզում հրաժարական տալ, քանի որ ցանկանում է՝ իր գլխավորած կառավարությունը կազմակերպի ընտրությունները։
Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ իր քաղաքական ուժը նոր արտահերթ ընտրություններին շատ քիչ շանսեր ունի՝ քիչ թե շատ համադրելի արդյունք ստանալու համար։ Ես գտնում եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ցանկալի արդյունք ունենալու համար նա նաև վարչական ռեսուրս կկիրառի։