ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Դավիթ Նահապետյանի թեկնածությունը Ազգային ժողովին առաջարկելու հարցին:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանի, Արտակ Մանուկյանի, Տիգրան Ուլիխանյանի, Վարդան Աթաբեկյանի, Համազասպ Դանիելյանի, Երջանիկ Հակոբյանի հեղինակած «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ` պալատի նախագահ, կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, բարձրագույն կրթություն և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ունեցող այն անձը, ով ունի աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ:
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հավաստմամբ՝ օրինագիծը գործող օրենքի համեմատ մեկ քայլ առաջ է, սակայն, կան խնդիրներ, որոնք իրենց լուծումը կստանան առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում։
Հավելենք, որ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրված թեկնածու Դավիթ Նահապետյանը ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանում: Նա Կենտրոնական բանկում աշխատում է 2006-ից առ այսօր: Նահապետյանը 2006-2015 թթ-ին եղել է որպես ԿԲ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, 2015-2017 թթ՝ ԿԲ աշխատակազմի ղեկավար, 2017-ից մինչև օրս՝ ԿԲ-ի գլխավոր քարտուղար, գործադիր կոմիտեի անդամ: