ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում կարդաց իր նախապես գրված հայտարարությունը։ Ասաց, որ տեքստը կարդում է, որպեսզի որևէ միտք չաղավաղվի և ամբողջությամբ ներկայացվի։
«▪️ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր ինքնիշխանության ու պետականության հենասյուներից մեկն է։
Լինելով ապաքաղաքական կառույց, ունի մեկ հավերժական նպատակ, ամենօրյա աշխատանքով պաշտպանել Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը։
▪️Ցանկացած փորձ, հեղինակազրկելու այդ կառույցը և ներքաշելու քաղաքական շահարկումների մեջ, հարված է Հայաստանի պետականությանը, հատկապես, այս օրերին, երբ ռազմական գործողությունների ավարտից հետո ողջ ծանրությունը և պատասխանատվությունը հետզհետե տեղափոխվում է դիվանագիտություն։ Վստահ ենք, որ այս գիտակցումը կիսում են երկրի և ժողովրդի ճակատագրով մտահոգ մեր բոլոր քաղաքացիները և հայրենակիցները։
▪️Այն իրավիճակը, որն ունենք, պայմանավորված է նրանով, որ մենք դիմակայել ենք անհամաչափ ուժերի։ Ինչպես և մեր զինվորները, քույրերն ու եղբայրներն Արցախում, հայ դիվանագիտությունը եղել և շարունակում է մնալ հայ ժողովրդի պաշտպանության առաջատար դիրքերում։
Հայ դիվանագիտությունը մեծածավալ աշխատանք ունի անելու այդ հրատապ հարցերի լուծման ուղղությամբ։
▪️Դիվանագիտությունը սիրում է լռություն, ուստի, ձեր թույլտվությամբ, դիվանագիտությունը լուռ կկատարի իր աշխատանքները, իսկ այդ աշխատանքների արդյունքներն ավելի խոսուն կլինեն, քան որևէ մեկնաբանություն։ Խնդրում եմ հավատալ և վստահել հայ դիվանագիտությանը»։
Տեքստը կարդալուց հետո նախարարը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Նշեց, որ գերիների հարցով զբաղվում է ՊՆ-ը, իսկ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի մասին ո՛չ միայն ինքն է հայտարարել։ Նա խուսափեց նաև օրերս արտահայտած միտքը մեկնաբանել, թե հայկական կողմը դիվանագիտության մեջ պարտություն չի կրել։ Պետք է ենթադրել, որ այս հայտարարությամբ նախարար Արա Այվազյանը փորձեց պատասխանել այն քննադատության բուռն արձագանքին, որն առաջացրեց իր ռեզոնանսային հայտարարությունը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին կառավարության նիստից հետո Արա Այվազյանը հայտարարել էր, որ ռազմադաշտում ունեցել ենք պարտություն, որովհետև անհամաչափ ուժերի դեմ են մեր զինվորները պայքարել։ Դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել։