Թե ես, թե Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել ենք, որ 2018թ. հեղափոխությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հաստատվել է օպերատիվ կապ, և այո՝ մինչև ԱԱԾ տնօրենի պաշտոնում իմ պաշտոնավարման ավարտը այդ կապն իրականացվել է իմ և ևս մեկ պաշտոնյայի միջոցով, ով մինչ օրս պաշտոնավարում է: Այս մասին «Hraparak»-ի հետ զրույցում նշել է Հայրենիք Կուսացության ղեկավար,ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Օպերատիվ կապի շրջանակներում ես պարբերաբար հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում։ Այդ շփումների արդյունքում բազմիցս տարաբնույթ տեղեկություններ եմ ստացել և փոխանցել Նիկոլ Փաշինյանին, իսկ այդ շփումների մասին տեղյակ են եղել Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները:
Ինչ վերաբերում է հիշատակված հանդիպման կամ այդ ձևաչափով տեղի ունեցած բազմաթիվ այլ հանդիպումների բովանդակությանը, ապա հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ չեմ պատրաստվում ծառայության բերումով ստացված տեղեկությունները հրապարակայնացնել»,- ասել է Վանեցյանը:
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանն օրերս հայտարարել էր, որ 2018 թվականին Դուբայում այդ ժամանակ ԱԱԾ տնօրեն հանդիսացող Արթուր Վանեցյանին փոխանցվել է Արցախի 7 շրջանները 5 մլրդ դրամով հանձնելու դիմաց Բաքվի՝ Նիկոլ Փաշինյանին արված առաջարկի ծրարը: «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը Armenia Today-ին ավելի վաղ ասաել էր, որ առաջիկայում այս թեմայի առնչությամբ պարզաբանմամբ հանդես կգան։