«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր 16 կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ այս կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այս օրերին տարբեր հանդիպումներ են ունենում այլ կուսակցությունների և անհատ քաղաքական գործիչներ հետ՝ նրանց համոզելով միանալ իրենց դաշինքին: Նպատակը թերևս ցույց տալն է, որ դաշինքն օրեցօր ավելի լայն քաղաքական և հասարակական աջակցություն է ստանում: Բայց դատելով արդյունքներից, այդ փորձերն այնքան էլ արդյունավետ չեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում իրադարձությունները պայթյունավտանգ փուլ են մտել։ Քաղաքական ուժերը քննարկում են ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքերը, որը ստեղծվել է պատերազմի եւ Արայիկ Հարությունյանի նկատմամբ հանրային վստահության կտրուկ անկման պայմաններում։ Արցախում ստեղծված իրավիճակի համար հավասարապես պատասխանատու են համարում Արայիկ Հարությունյանին, ով Նիկոլ Փաշինյանի հետ է բոլոր որոշումները կայացնում։ Այս փուլում ակտիվ քննարկվում է Արցախի ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի հարցը։ Մեզ ասացին, որ մեծ հարցականի տակ է նաեւ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման շարունակության հարցը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ պատերազմի փաստացի ավարտից հետո սկսված դրամի արժեզրկումը պայմանավորված է պետական ծախսերի աննախադեպ ավելացմամբ: Մասնավորապես՝ միայն 18 միլիարդ դրամ գումար է ծախսվել արցախցի փախստականներին ֆինանսական աջակցություն տրամադրելու տարբեր ծրագրերի վրա: Պետբյուջեով չնախատեսված ծախսեր են իրականացվում զորակոչված և կամավորագրված զինծառայողներին ֆինանսական հատուցում տրամադրելու համար, և այս ամենը էականորեն ազդում է ֆինանսական շուկայի վրա»:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի վրա Ադրբեջանի ու Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակումը լուրջ ազդակ էր այն մասին, որ այս զույգը ցանկացած պահի կարող է խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները: Պարզ է, որ Թուրքիան չի հրաժարվում տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը մեծացնելու ձգտումից: Դա չի բխում տարածաշրջանի որեւէ պետության շահերից, քանի որ խախտում է այնտեղ առկա ձեւաչափերը եւ հավասարակշռությունը: Մյուս կողմից էլ վերջին շրջանում այդ երկրի ներկայությունը որեւէ տարածաշրջանում հանգեցնում է անկայունացման: Հետեւաբար, թուրքական զինուժի ներկայության եւ գործողությունների լեգալացումն առաջնային անհրաժեշտություն է Անկարայի համար:
«Առավոտ»-ը գրում է․ «Մինչև 2018 թվականը մենք ունեինք անորակ պետություն՝ կոռումպացված իշխանությամբ: Այդքանով հանդերձ՝ պետական ինստիտուտները, լավ, թե վատ, գործում էին:
Հեղափոխությունից հետո մենք գնացինք այդ ինստիտուտները քայքայելու ճանապարհով, որովհետև նոր [ոչ կոռումպացված] իշխանությանը թվում է, որ երկիրը կարելի է ղեկավարել միայն PR ակցիաներով և «լեզվին զոռ տալով»: Բայց ասացեք խնդրեմ, ճարտար լեզվական հնարքները կօգնե՞ն Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնց տները, արոտավայրերը, վարելահողերը հայտնվել են ադրբեջանական բանակի նշանառության տակ: Թերևս, պետական առայժմ գործող օղակներից են մնացել համայնքապետարանները»:
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարում։