2021 թ. Երևանի բյուջեով պարգևավճարների ֆոնդը նախատեսված է 1 միլիարդ 23 միլիոն դրամի չափով, որը նախորդ տարվա ֆոնդից շուրջ 49 տոկոսով պակաս է: Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտնեց քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանն էլ առաջարկեց պարգևավճարի փոխարեն բարձրացնել աշխատավարձերը։
«Ես կտրականապես դեմ եմ պարգևավճարը որպես աշխատավարձ տալու ձևաչափին, որի համար մեզ անընդհատ քննադատում են: Առաջարկում եմ բարձրացնել քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների, վարչության պետերի և վերջինների տեղակալների աշխատավարձը բարձրացնել 100 տոկոսով։ Բաժնի պետերի և իրենց տեղակալների աշխատավարձը՝ 50 տոկոսի չափով, իսկ մնացած աշխատակիցներինը՝ 30 տոկոսով»,- տեսակետ հայտնեց ավագանու անդամը։
Փոխքաղաքապետը բացատրեց, որ այս պահի դրությամբ չեն կարող պարգևավճարների ֆոնդի համար նախատեսված գումարները որպես աշխատավարձ տալ։ Դրա համար անհրաժեշտ է համապատասխան նախագիծ մշակել և քննարկման դնել։
Նա նաև ասաց՝ այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ պետական համակարգում ամենացածր աշխատավարձերը Երևանի քաղաքապետարանում են։ Փոխքաղաքապետի հետ համակարծիք էին ավագանու անդամները։ Նրանց պնդմամբ՝ այսօր առաջնային է, որ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը բարձրանա։
Իսկ «Իմ քայլից» ավագանու անդամ Լևոն Զաքարյանն արձագանքեց՝ Երևանի քաղաքապետարանի եկող տարվա պարգևավճարների ֆոնդը 50 տոկոսով կրճատվել է։
Նրա տեղեկացմամբ՝ քաղաքապետարանի աշխատակիցներին այս տարի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակներում պարգևավճարներ չեն տրվել։ Այդ գումարներն ուղղվել են բուժաշխատողներին։