«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է. «Մենք ժամանակ չունենք․ թշնամին պատերազմի է պատրաստվում։ Դա են վկայում մեզ թշնամական երկու երկրների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջին դեմքերի մակարդակով հնչեցրած հայտարարությունները, ամենատարբեր փորձագետների ու մասնագետների վերլուծություններ եւ մեր՝ ադրբեջանական ու թուրքական մամուլի ամենօրյա դիտարկումները։ Ի՞նչն է մեզ խանգարում, որ տեղից չենք շարժվում նույնիսկ վտանգի պարագայում, մտածում ենք, որ ազգային ներուժով չե՞նք կարող ոտքի կանգնել եւ սպասում ենք մեզ մեկնվելիք հնարավոր ձեռքերի՞ն։ Տարբեր եզրակացություններ անելու փոխարեն լսենք մասնագետի տեսակետ»։
«Ժամանակ»-ը գրում է. ««Արարատցեմենտ»-ի աշխատակիցները ստիպողաբար, պարտադրաբար, աշխատանքը կորցնելու վախից մասնակցում են վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքներին։ «Անվանական կարող եմ ասել, թե ովքեր են գործարանից գալիս հանրահավաքների։ Արարատ քաղաքում բոլորը դրա մասին գիտեն, ու բոլորն են դրա մասին խոսում։ Տնօրենի տեղակալ Կարեն Աղոյանը, Սեդրակ Առուստամյանի ներկայացուցիչը, բոլորը ցույցի են գնում»,- ասաց «Արարատցեմենտ»-ի նախկին աշխատակիցը՝ հավելելով, որ ստիպողաբար աշխատողներին ոչ միայն «Արարատցեմենտ»-ից են տանում ցույցերի, այլև մարզի այլ գործարաններից»։
«Ժողովուրդ»-ը գրում է. «Արդարադատության նախարարությունը նոր նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում են փոփոխություն կատարել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում: Այն դեռեւս ներկայացվել է հանրային քննարկման, որից հետո՝ արդեն հաջորդ տարի, կքննարկվի խորհրդարանում: Երեկ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այն ստացել էր 97 կողմ ձայներ: Նախագծով, մասնավորապես, ավելացվում է դատավորների թիվը, կլինեն նոր դատավորներ, որոնք քննելու են դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությունները: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, թե սա կնպաստի դատարանների ծանրաբեռնվածության նվազմանը եւ քրեական գործերի քննության արագությանը»:
«Հրապարակ»-ը գրում է. «Սյունիքում սահմանազատման անհասկանալի ու անօրինական գործընթացը շարունակվում է, ադրբեջանցիներն արդեն զինվորներ են տեղակայում, պաշտպանական կառույցներ՝ բլինդաժ ու դիրք են կահավորում։ Որոտան գետի ձախ ափին Ադրբեջանի դրոշն է ծածանվում։ Այդ դիրքից նրանց նշանառության տակ են հայտնվել «Տաթեւ» ՀԷԿ-ը, Գորիս-Կապան ճանապարհի 4 կմ երկարությամբ հատվածը եւ Որոտան համայնքը։ Որոտանի տներից մեկն անցել է հակառակորդի տիրապետության տակ, տունը պատկանում էր Որոտանի գյուղապետի եղբորը»։
«Իրատես»-ը գրում է. «Ժողովուրդը լավ խոսք ունի. «Երկաթը տաք-տաք են ծեծում»։ Ընդդիմությունը կորցրեց Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճիշտ ժամանակը, ու, դրանից օգտվելով, այսօր իշխանությունն է անցել հակահարձակման։ Այսօր ամեն ինչ ընդդիմության դեմ է աշխատում՝ եղանակային պայմանները, իշխանության «ֆեյքերի» նոր թափով գործի լծվելը, ընդդիմության առաջնորդների հանդեպ մեծ թափ ստացած վարկաբեկումները։ Ավելին, Փաշինյանն այնքան հանգիստ է զգում իրեն, որ իր աղանդավորական ընտրազանգվածով պատրաստում է հարձակվելու Մայր աթոռի վրա։ Մյուս ուղղություններով էլ շարունակվում են փաշինյանական «օպերացիաները». իրավապահ ողջ համակարգը լծվել է պատժիչ գործողություններ իրականացնելուն, հիմնականում իրենց հողը պաշտպանողների դեմ»։
Նյութերն ամբողջությամբ՝ թերթերի այսօրվա համարներում։