Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջում, որի վերաբերյալ հայտարարություն է տարածել։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը վկայում է, որ ՀՀ-ում խաթարվել են Սահմանադրությամբ հռչակված ինքնիշխանության, ժողովրդավարության, սոցիալական և իրավական պետության հիմքերը։
2020թ. Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդյունքում ՀՀ-ում ստեղծված իրավիճակը խորացրեց քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամը։
Առկա խնդիրները համարվում են ոչ միայն համավարակի և պատերազմի, այլև սխալ և միանձնյա կառավարման հետևանք։
Նոյեմբերի 9-ին գաղտնի կերպով և հասարակության սպասելիքներին հակառակ ստորագրված եռակողմ հայտարարությունը հանրապետությունում առաջացրեց խորը ճգնաժամ, հանրության շրջանում խիստ լարված մթնոլորտ։ Ստեղծած իրավիճակը անդառնալի և ծայրահեղ ծանր հետեւանքներ ունեցավ աշխատողների՝ հատկապես սոցիալապես անապահով վիճակում գտնվող աշխատող-աղքատների համար։ Արդեն առկա են աշխատատեղերի կրճատման կամ գործատուի կողմից կազմակերպության խաթարված գործունեության պատճառով հարկադիր պարապուրդի և չվճարվող արձակուրդների դեպքեր։
Իրավիճակը վկայում է, որ ներկա վարչապետի և իր կառավարության գործունեության շարունակության դեպքում նշված խնդիրների առավել խորացումն անխուսափելի է նաև հետագայում, ինչն անդառնալի հետևանքներ կունենա երկրի համար։
Ելնելով ստեղծված իրավիճակից եւ հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ պահանջում ենք ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Կոչ ենք անում համախմբվել պետականության գաղափարի շուրջ՝ կտրականապես մերժելով երկպառակտության ցանկացած փորձ։
Այս օրհասական և վճռորոշ պահին հասարակության բոլոր շերտերի ու ունակ ուժերի, պետական և մասնավոր համակարգի ջանքերը պետք է ուղղված լինեն միասնականության վերահաստատմանը՝ հանուն Հայաաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության»։