Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել է, իր խոսքով, Արցախի պատերազմից 26 օր առաջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասի ուղարկած գաղտնի նամակը, որում նկարագրված է սպասվող պատերազմը։ Գրառումը՝ ստորև․
«Փաստաթղթում հստակ նշված է, որ ՀՀ վարչապետը թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայելու նպատակով օժանդակության համար պետք է դիմեր ՀԱՊԿ գործընկերներին` դեռևս պատերազմական գործողությունները չսկսած»,-գրել է Մինասյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ո´չ պատերազմի նախօրեին, ո´չ էլ դրա ընթացքում չդիմեց ՀԱՊԿ-ին:
«Ավելին, հաղթանակի մասին 44 օր խաբելով՝ երկիրը տարավ կապիտուլյացիայի, որովհետև պարտավորություններ ուներ իր «կիրթ ու կառուցողական» ընկերոջ նկատմամբ:
Փաստաթղթում մանրամասն նկարագրված է այն, ինչին հետագայում մենք ականատես եղանք պատերազմի ժամանակ»,-գրել է Մինասյանը:
Մինասյանի հրապարակած փաստթուղթն այս հղումով։
Նշենք, որ այսօր ավելի վաղ հրապարակած տեսանյութում նախկին դիվանագետը նշել էր, որ Հայաստանում 2019 թվականից գործում են գաղտնի գործակալական ցանցեր, որոնք բաղկացած են ահաբեկիչներից, որոնք պատրաստվում էին պատերազմի ժամանակ տեղեկատվական և ռազմական ահաբեկչական գործողություններ իրականացնել։ Նա նշել էր, որ 2018 թվականից ի վեր ռազմական հավասարակշռությունը խախտվել է հօգուտ Ադրբեջանի, իսկ դիրքային զիջումները Նախիջեւանում «ռազմավարական խնդիրներ են ստեղծել Հայաստանի և Արցախի անվտանգության համար»:
«Նույն փաստաթղթում նկարագրված է, որ Հայաստանն արդեն 2 տարի է, ինչ պարտվում է տեղեկատվական և դիվանագիտական պատերազմներում և նրան խայտառակ պարտություն է սպասվում։ Նույն նամակում գրված էր, որ հաշվի առնելով բոլոր խնդիրները՝ Հայաստանն ու Արցախը կպայքարեն Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, և այդ երկու երկրների վարձկանները կներգրավվեն սիրիացի ահաբեկիչներին»,-հայտարարել է Մինասյանը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը «գիտեր, թե ինչ տեղի կունենա»։