ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող վճարումների դրույքաչափերը:
Հարցը զեկուցող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ այս նախագծով փորձելու են լուծել մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիների կամ նրանց հարազատներին պատշաճ հատուցում տալու հարցը։
«Քանի որ բոլոր հաշվարկներով մենք արձանագրել ենք, որ հատուցման հիմնադրամի գումարները բավարար չեն լինելու մեր բոլոր հայրենակիցների հատուցումը ժամանակի ընթացքում տրամադրելու համար, փոխվել են հավաքագրվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը և որդեգրվել է կիսապրոգրեսիվ համակարգը։ Այժմ հաշվարկը կատարվելու է եկամտի չափին համապատասխան։ Մասնավորապես, մինչև 100 հազար դրամ աշխատավարձի դեպքում դրոշմանիշային վճարի չափը լինելու է 1500 դրամ, 100 հազարից մինչև 200 հազար դրամի դեպքում՝ 3000։ 201 հազար դրամից մինչև 500 հազար դրամը՝ 5500 դրամ, 501 հազար դրամից մինչև 1 մլն դամը՝ 8000 դրամ, 1 մլն 1 դրամը գերազանցելու դեպքում՝ 15 հազար դրամ»,- ներկայացրեց Բադասյանը։
Ռուստամ Բադասյանը նշեց, որ անհետ բացակայող համարվելու դեպքում պետք է սպասեին 6 ամիս և նոր դիմեին հիմնադրամին, հիմա կրճատում են այդ ամիսների քանակը։