Ինձ հաճախ հարցնում են, թե ես ինչ քայլեր կձեռնարկեի, եթե ստեղծված իրավիճակում լինեի Հայաստանի բանակցողը, մասնավորապես՝ ինչպես կբանակցեի Շուռնուխի և Որոտանի տարածքները չհանձնելու հարցով։ Այս մասին իր էջում գրել է ԱԺ ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ավելացնելով.
«Պատասխանեմ.
Ներկայացվածը նույն «Google»-ի քարտեզով Երասխի հատվածն է՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Այդ քարտեզի համաձայն էլ՝ Սևակավանի մոտ տարիներ շարունակ տեղակայված են ադրբեջանական մարտական դիրքեր՝ 1.5-2կմ ներս դեպի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։
Եվ այս մասին տեղյակ լինելով՝ հայկական կողմը երբեք չի պահանջել Ադրբեջանից այդ մի քանի կմ-ը ետ քաշվել ու դուրս գալ մեր տարածքից, իսկ կառուցված մարտական դիրքերը թողնել մեզ։
Պետք է նկատի ունենալ, որ Շուռնուխում հանձնվող այն տարածքը, որը զբաղեցված է 12 տներով, անգամներով պակաս է քարտեզում ընդգծված տարածքից։
Իմ առաջարկը կլիներ մի կողմ դնել քարտեզները, որոնցից որևէ մեկի բացարձակ ճշգրտության վերաբերյալ չենք կարող վստահ լինել, և առաջնորդվել փոխզիջումային սկզբունքով, ինչպես, օրինակ, վերը նշեցի։
Սակայն, իշխանությունն ընտրել է «ինչ ուզեն, պիտի տանք» սկզբունքը՝ առանց խորամուխ լինելու, թե բանակցային ինչ հնարավորություններ կան և կարող են լինել»։
Մարուքյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ պարտության սիմվոլ վարչապետը չի կարողանում այս խնդիրները կարգավորել, իսկ եթե ձևը ցույց տալուց հետո էլ չի կարողանալու կարգավորել, նրան կրկին մնում է մեկ տարբերակ՝ մի կողմ քաշվել և թույլ տալ, որ մենք գանք, կարգավորենք այդ խնդիրները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե կար և կա Շուռնուխը պահելու եղանակ, որի մասին ավելի ուշ իր կարծիքը կհրապարակի: