ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն արձագանքել է տեղեկություններին, թե Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու. փաստաթուղթն արդեն գաղտնի ուղարկվել է ԱՆ՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով:
Նախարարը Facebook-ի էջում գրել է.
«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում։ ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է»։
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում են տեղեկություններ, ըստ որոնց՝ Արդարադատության նախարարությունում է գտնվում «գաղտնի» մակագրությամբ մի փաստաթուղթ: Որոշ տեղեկություններով՝ հունվարի 11-ին Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է միջազգային փաստաթղթեր, որոնցով ամրագրելու է Ալիևի հետ «բանավոր համաձայնությամբ» Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումն Ադրբեջանին։ Նախատեսվում են նաև նոր զիջումներ։ Հենց այդ ստորագրվելիք պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է և «գաղտնի» նշագրումով ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ ձևակերպումները ՀՀ Սահմանադրության տեքստին համապատասխանեցնելու նպատակով։