Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Արդարադատության նախարարությունում որևէ պայմանագիր չկա, տարածված լուրն, ուղղակի, ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին Արդարադատության նախարարության դիմաց բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանն ասաց նախարար Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ նոր ձև է ի հայտ եկել: Տելեգրամյան ինչ-որ անհայտ ծագման ալիքների միջոցով ապատեղեկատվություն է տարածվում։ Ըստ նախարարի՝ դրանք հետո տարածում են նաև մյուս լրատվամիջոցները և հասարակության շրջանում խուճապ ու անհանգստություն առաջացնում։
Բադասյանը կոչ արեց այդ տեղեկություններին չհավատալ: Նա նաև հավաստիացրեց, որ ՀՀ սահմանների փոփոխություն տեղի չի ունենում:
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը հարցրեց, եթե պայմանագիր չէ, արդյո՞ք այլ փաստաթուղթ էլ չկա, որին ի պատասխան Բադասյանն ասաց․ «Արդարադատության նախարարությունում որևէ փաստաթուղթ, որը կարող է որակվել որպես պայմանագիր, միջազգային պայմանագիր, գոյություն չունի, չի ստացվել»:
Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում Արդարադատության նախարարության դիմաց։ Նրանք պահանջում են հրապարակել Մոսկվայում ստորագրվելիք փաստաթուղթը։
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում են տեղեկություններ, ըստ որոնց՝ իբրև, Արդարադատության նախարարությունում է գտնվում «գաղտնի» մակագրությամբ մի փաստաթուղթ: Որոշ տեղեկություններով՝ հունվարի 11-ին Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է միջազգային փաստաթղթեր, որոնցով ամրագրելու է Ալիևի հետ «բանավոր համաձայնությամբ» Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումն Ադրբեջանին։ Նախատեսվում են նաև նոր զիջումներ։ Հենց այդ ստորագրվելիք պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է և «գաղտնի» նշագրումով ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ ձևակերպումները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով։